Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող Քոշույոլու ուսումնական և հետազոտական հիվանդանոցի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Քոշույոլու հիվանդանոցը Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից է։ Այն գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում և հիվանդներ է ընդունում երկրի տարբեր շրջաններից։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պոլիկլինիկայի լրացուցիչ մասնաշենքի տանիքում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական խմբեր։
CNN Türk-ի խմբագիր Արիֆ Բայգութը ուղիղ եթերում հայտնել է, որ հրդեհի հետևանքով առաջացած թանձր ծուխը տարածվել է շրջակա տարածքում։
«Այս պահին գիտենք, որ հրդեհի օջախը պոլիկլինիկայի լրացուցիչ մասնաշենքի տանիքում է։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Թանձր ծուխն արդեն պատել է շրջակայքը։ Հրշեջները ժամանել են դեպքի վայր և շարունակում են աշխատանքը։ Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի կրակը չտարածվի ստորին հարկեր և հիվանդանոցի հիմնական մասնաշենքեր»,- ասել է Բայգութը։
Հիվանդներին տարհանել են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածների մասին հաղորդումներ չկան։ Հրդեհի պատճառը պարզվում է։
Ավելի ուշ Anadolu գործակալությունը հայտնել է, որ հրդեհը մարվել է։ Այն բռնկվել էր վերանորոգվող, դատարկ լրացուցիչ մասնաշենքի տանիքում։
