Երևանում հիմնադրված Picsart-ը 8-րդն է աշխարհի ԱԲ հավելվածների վարկանիշում – armeniatoday.am

Երևանում հիմնադրված Picsart ընկերությունը զբաղեցրել է 8-րդ տեղը գեներատիվ արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող աշխարհի 50 ամենահայտնի բջջային հավելվածների վարկանիշում։ Այն կազմել է Andreessen Horowitz (a16z) վենչուրային հիմնադրամը՝ հոկտեմբերի 5-ին հրապարակված Top 100 Gen AI Consumer Apps զեկույցի յոթերորդ թողարկման շրջանակում։

Վարկանիշը կազմվել է ըստ ամսական ակտիվ օգտատերերի թվի՝ Sensor Tower վերլուծական ընկերության 2026 թվականի օգոստոսի տվյալների հիման վրա։

Picsart-ն առաջ է անցել Claude-ից (12-րդ տեղ), DeepSeek-ից (14-րդ), Meta AI-ից (18-րդ) և Grok-ից (19-րդ)։ Վարկանիշը գլխավորել է ChatGPT-ն, որին հաջորդել են CapCut-ը, Gemini-ն և Canva-ն։

Picsart-ն ընդգրկվել է նաև վեբ տարբերակների այցելությունների թվով կազմված 50 ամենահայտնի ԱԲ ծառայությունների առանձին վարկանիշում։

Այս տարի a16z-ն առաջին անգամ կազմել է նաև ամերիկացի սպառողների ծախսերի վրա հիմնված վարկանիշ՝ օգտագործելով YipitData-ի տվյալները։ Երեք վարկանիշները գնահատում են տարբեր ցուցանիշներ և չեն կազմում միասնական դասակարգում։

Picsart-ը հիմնադրվել է Երևանում 2011 թվականի նոյեմբերին՝ ձեռնարկատեր Հովհաննես Ավոյանի և ինժեներներ Արտավազդ Մեհրաբյանի ու Միքայել Վարդանյանի կողմից։

Հարթակն առաջարկում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման, գրաֆիկական դիզայնի և գեներատիվ ԱԲ-ի միջոցով բովանդակության ստեղծման գործիքներ։

2021 թվականին Picsart-ը դարձել է «միաեղջյուր» (մասնավոր ստարտափ ընկերություն, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը)։ 2022 թվականի փետրվարին ընկերությունն իր գլխավոր գրասենյակը տեղափոխել է ԱՄՆ-ի Մայամի Բիչ քաղաք՝ պահպանելով գրասենյակը Երևանում։

Leave a Comment