ԱԱԾ-ն ԱՄՆ DTRA-ի և Ժնևի DCAF-ի հետ քննարկել է սահմանապահների վերապատրաստման հարցը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (DTRA) և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանապահների ուսուցման և վերապատրաստման հարցերը, հայտնել է ԱԱԾ-ն։

Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 24-ին և 30-ին՝ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում։ DCAF-ի պատվիրակությունը գլխավորել է կենտրոնի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ ՊՎՆԳ Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնը։

Կողմերը քննարկել են սահմանապահների ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը և միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը։

DCAF-ի հետ հանդիպմանը կարևորվել է կենտրոնի փորձի կիրառումը սահմանապահների և օպերատիվ-հետախուզական աշխատակիցների ուսուցման գործում։

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԱԱԾ-ին սահմանապահների ուսումնական ծրագրերի բարելավման և դասախոսների վերապատրաստման հարցերում։

ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ սեպտեմբերին Սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներն ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության hայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

«Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում նրանք այցելել են Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, երկրի սահմանային հատվածներ և Հելսինկիի միջազգային օդանավակայան։ Պատվիրակությունը ծանոթացել է սահմանապահների ուսուցման համակարգին և սահմանային վերահսկողության ընթացակարգերին։

Leave a Comment