Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու որոշումը ռացիոնալ և պրագմատիկ է համարել։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումների մեղմացման մասին հարցին, հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկաներին կմատակարարի 1,8 մլն տոննա դիզելային վառելիք։
Պուտինը հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Կոբախիձեն հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու՝ Թբիլիսիի որոշմանը լայնածավալ արշավ էր հաջորդել։ Նրա գնահատմամբ՝ այժմ պատժամիջոցների մեղմացումը հաստատում է այդ որոշման հիմնավորվածությունը։
«Մենք ժամանակին բացարձակապես ռացիոնալ, պրագմատիկ, ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում ենք կայացրել՝ չմիանալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է վարչապետը։
Կոբախիձեի հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ ՌԲԿ-ն հայտնել էր, որ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես արգելել է Ռուսաստան ներմուծել վրացական մի շարք արտադրողների գինիներ, կոնյակ, գարեջուր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ Արգելքի տակ են հայտնվել, մասնավորապես, «Թելիանի Վելի», «Թբիլվինո» և «Վայնմեն» ընկերությունների գինիները, ինչպես նաև վրացական արտադրության Coca-Cola-ն և «Նաբեղլավի» հանքային ջուրը։
Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու արտահանման գլխավոր շուկան։ 2026 թվականի հունվար–օգոստոսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել 34,8 հազար տոննա գինի՝ 102,2 մլն դոլարի, ինչը երկրի ընդհանուր գինու արտահանման գրեթե երկու երրորդն է։
