«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրվել ոչ միայն իր, այլև կնոջ բանկային հաշիվների վրա։
«Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը՝ հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար»,- գրել է Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Armenia Today-ին հայտարարել էր, որ Ղազարյանի հաշիվների վրա արգելանք դնելը քաղաքական հետապնդում է համարում։
«Իհարկե վախենում են, որ Էդգար Ղազարյանը իր տաղանդները չցուցադրի»,- ասել է Կարապետյանը։
Ղազարյանը հոկտեմբերի 9-ին հայտնել էր, որ դատարանը Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, իսկ Հարկադիր կատարման ծառայությունն անմիջապես կատարել է որոշումը։
Փաշինյանը, ինչպես հայտնի էր դարձել հոկտեմբերի 2-ին, դատական հայց է ներկայացրել Ղազարյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունը և 6 մլն դրամ փոխհատուցում վճարել։
Հայցի առիթը սեպտեմբերի 27-ին News.am-ին Ղազարյանի տված հարցազրույցն էր։
Ղազարյանը պնդել էր, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական առաջխաղացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանը մեկնել էր Ստեփանակերտ և հրամանատարաշտաբային կետում խորհրդակցություն անցկացրել, իսկ վերադառնալուց հետո, ըստ Ղազարյանի, «սկսել թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։
Դատարանը հոկտեմբերի 8-ին վարույթ է ընդունել Փաշինյանի հայցը։ Գործով երրորդ կողմ է News.am-ը։
