ՌԴ-ն արգելել է վրացական մի շարք արտադրողների գինու և այլ ըմպելիքների ներմուծումը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես արգելել է Ռուսաստան ներմուծել և վաճառել վրացական մի շարք արտադրողների գինիներ, կոնյակ, գարեջուր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով գերատեսչության փաստաթղթին։

Տեղեկությունը պարբերականին հաստատել է ալկոհոլի շուկայում նրա աղբյուրը։

Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները պայմանավորված են արտադրանքի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական ցուցանիշների և անվտանգության պահանջներին անհամապատասխանությամբ։

Արգելքի տակ են հայտնվել «Թելիանի Վելի», «Թբիլվինո» և «Վայնմեն» ընկերությունների գինիները, «Ասկանելի եղբայրների» գինիներն ու կոնյակը, ինչպես նաև «Վրացական գարեջրի ընկերության» գարեջուրը։

Սահմանափակումները վերաբերում են նաև վրացական արտադրության Coca-Cola-ին և «Հելսի Ուոթեր» ընկերության «Նաբեղլավի» հանքային ջրին։

Վրացական գինիների և հանքային ջրի ներմուծման արգելք Ռուսաստանում արդեն գործել է 2006–2013 թվականներին։ Այն ժամանակ ռուսական իշխանությունները նույնպես սահմանափակումները բացատրում էին արտադրանքի որակի նորմերին անհամապատասխանությամբ։

ՌԴ-ն շարունակում է մնալ վրացական գինու արտահանման գլխավոր շուկան։ Sputnik Վրաստանի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանն արտահանել է 54,2 հազար տոննա գինի՝ 163,6 մլն դոլարի, որից Ռուսաստան՝ 34,8 հազար տոննա՝ 102,2 մլն դոլարի։ Վրացական գինու խոշորագույն գնորդների հնգյակում են նաև Լեհաստանը (10,7 մլն դոլար), Ուկրաինան (7,5 մլն դոլար), Չինաստանը (6,2 մլն դոլար) и Ղազախստանը (5 մլն դոլար)։

Մատակարարումները վերսկսվել են 2013 թվականին։

Մայիսի վերջից Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանից ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումների, «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման կասեցման, ձկան արտահանման, կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման սահմանափակման մասին:

«Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցները բացատրել էր ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով և մատակարարումների անվտանգության ու հետագծելիության ապահովման անհրաժեշտությամբ։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը օգոստոսին այդ պահանջների պահպանումն անվանել էր ներմուծման վերսկսման պայման։ «Ռոսսելխոզնադզոր»-ը սեպտեմբերի 25-ին հայտնել էր արգելքը պահպանելու մասին։
 
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն սկսել է արտահանումը նոր ուղղություններով, ներառյալ՝ վարդերի և այլ արտադրանքի փորձնական խմբաքանակները: Սեպտեմբերին ԵՄ խորհուրդը համաձայնեցրել էր երկու տարով ԵՄ հայկական արտահանման 80%-ի մաքսատուրքերի չեղարկումը: Եվրամիությունը նաև խոստացել էր Հայաստանին հատկացնել 50 միլիոն եվրո՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

 

 

Leave a Comment