Ամերիկյան կողմից նկատվում են փակուղուց ելքեր գտնելու ճիգեր․ Գանտահարյան

Ամերիկյան կողմից նկատվում են փակուղուց ելքեր գտնելու ճիգեր․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ինչպե՞ս կբնութագրեք ռուս-ուկրաինական հակամարտության ներկայիս փուլը․ կողմերը սկսել են թիրախային հարվածներ հասցնել տարբեր ենթակառուցվածքների։

– Նկատվում է գործողությունների մարտավարական փոփոխություն․ փոխհարվածներ են հասցվում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին։ «Ենթակառուցվածքային պատերազմ» է գնում։ Նպատակն է թուլացնել տնտեսական նշանակություն ունեցող կետերը, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։

– Ըստ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ կողմերը փակուղում են, թեև Զելենսկին հակառակն է պնդել։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ փակուղի, թե՞ ոչ։

– Նախաբանակցային հանգրվանի հատուկ դիրքորոշումներ են․ փակուղի է, հետևաբար՝ դուրս գալու համար անհրաժեշտ են խոսակցություններ։ Ռուս-ամերիկյան տնտեսական ոլորտի վերաբերյալ պաշտոնական լրատվությունները խոսում են այն մասին, որ Ուկրաինայի պատերազմը թեժ օրակարգ է Վաշինգտոնի և Մոսկվայի համար։

– Զելենսկին ասել է, որ Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններին կարող են միանալ եվրոպացի ներկայացուցիչներ։ Արդյո՞ք դա հնարավոր է։

– Ուկրաինայի առաջադրանքը կբախվի Մոսկվայի մերժմանը, կարծում եմ․ հիմնականում և մեծ հաշվով համաձայնությունը, եթե լինի, ապա այն կլինի Մոսկվա-Վաշինգտոն հարաբերակցությամբ։ Զելենսկին փորձում է ներգրավել Եվրոպային՝ բանակցային իր դիրքերն ամրապնդելու համար։

– Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը առաջիկա օրերին կպատասխանի ԱՄՆ-ի առաջարկին։ Արդյո՞ք կարող ենք բեկում ակնկալել, թե՞ ոչ։

– Խաղաղության գնալու առումով՝ բեկումը շատ հավանական չի թվում։ Չի բացառվում, որ սկսվեն բանակցություններ՝ Իսլամաբադի փաստաթղթի կետերի շուրջ, դրանց առաջնահերթություններն ու հաջորդականությունները ճշտելու առումով։ Վստահության խնդիրներ կան, սակայն երևում են նաև, հատկապես ամերիկյան կողմից, փակուղուց ելքեր որոնելու նշաններ՝ կապված նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների հետ։

– Նաև կխնդրեի անդրադառնալ Պուտին Թրամփ հեռախոսազրույցին. ինչ էր նշանակում, ու ըստ ձեզ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել հակամարտության կարգավորման հարցում։

– Այս հեռախոսազրույցի ամբողջ մեխը կապված է նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների հետ։ Պուտինն այս ձևով ճնշում է գործադրում, որպեսզի վառելիքի գներն իջնեն։ Եվրոպային պարտադրում են օգտագործել էներգիայի պահեստները, իսկ հիմա էլ ռուսական էներգիայի արտահանումն են արտոնում։ Այս բոլորը կազդեն գների անկման վրա։ Մնացածը, կարծում եմ, ածանցյալ խնդիրներ են, անգամ՝ Ուկրաինան։ Այնտեղ դեռևս բեկում չի ակնկալվում։ Նոյեմբերից հետո անորոշ է՝ այս ընթացքը կշարունակվի՞, թե՞ կլինեն առկախումներ։

Արման Գալոյան

Leave a Comment