Պանամայում տեղի ունեցած երկրաշարժից 27 անձ է տուժել – armeniatoday.am

Հոկտեմբերի 9-ին Պանամայում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 27 մարդ, վնասվել է ավելի քան 400 շինություն, հայտնում է EFE գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումներից հետո Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումներ են տարածվել, որոնք հետագայում չեղարկվել են։

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պանամայի հարավում՝ Պիտալոսա Արիբա բնակավայրի մոտ։ Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 12,6 կմ խորության վրա։ Սկզբում երկրաշարժի մագնիտուդը գնահատվել էր 8,0, սակայն հետագայում ճշգրտվել էր՝ կազմելով 7,7։

Պանամայի իշխանությունները հայտնել են 142 բնակելի տան, 188 դպրոցի, 20 բուժհաստատության, 13 եկեղեցու և մի քանի կամրջի վնասման մասին։

Պենոնոմե քաղաքում մասնակի փլուզվել են նահանգային վարչակազմի շենքը, հյուրանոցներից մեկը և մայր տաճարի զանգակատունը։ Ափամերձ շրջաններից տարհանվել է շուրջ 300 բնակիչ։

Բոլոր 27 տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հիմնական երկրաշարժին հաջորդել է ավելի քան 100 հետցնցում, այդ թվում՝ 6,6 մագնիտուդով երկրաշարժ։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաք Պանամա Սիթիում, որտեղ բնակիչները զանգվածաբար դուրս են եկել շենքերից։

Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնը սկզբում վտանգավոր ալիքների առաջացման մասին նախազգուշացում էր տարածել Պանամայի, Կոլումբիայի, Էկվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի և տարածաշրջանի այլ երկրների ափամերձ շրջանների համար։ Ավելի ուշ մասնագետները հայտարարել են, որ վտանգն անցել է։

Տոկումենի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, սակայն հետագայում վերսկսել է չվերթների սպասարկումը։ Պանամայի ջրանցքը շարունակել է գործել բնականոն ռեժիմով։

Օգոստոսի 15-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի ափերի մոտ։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 20 մարդ, իսկ ափամերձ շրջաններում գրանցվել էին մինչև մեկ մետր բարձրությամբ ցունամիի ալիքներ։

Leave a Comment