Բրյուսելի խոստումը
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի անունից Իռլանդիայի նախարար Թոմաս Բըրնը ստորագրել են կանոնակարգը, որը երկու տարով հայկական ապրանքների ընդարձակ, բայց ոչ ամբողջ արտահանվող տեսականու համար վերացնում է մաքսատուրքերը: Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանբախմբի վրա: Օրենսդրական ընթացակարգն անցել է արագացված կարգով՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 7-ը, իսկ փաստաթղթում ուղղակիորեն է նշվում, «Հայաստանում ստեղծված հրատապ իրավիճակը»: Ութ գյուղատնտեսական ապրանքատեսակի համար մաքսատուրքերը կվերացվեն միայն սակագնային քվոտաների սահմաններում: Դրանից բացի, կանոնակարգը պաշտպանական մեխանիզմներ է նախատեսում եվրոպացի արտադրոդների համար:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այս աջակցության պատճառը ձևակերպել է՝ առանց ավելորդ դիվանագիտական երանգների, «Մենք շատ հարցերում աջակցում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»:
Մոսկվայի մոտեցումը
Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել հայկական ապրանքների ներմուծումը՝ սկզբում ձուկն ու ծաղիկները, ապա միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ, իսկ հունիսի 2-ից՝ կորիզավոր մրգերն ու խաղողը: Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ավելացրել է էներգետիկ հարթությունը: Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում սպառվող գազի ավելի քան 85%-ը՝ տարեկան մոտ 2,2-2,7 մլրդ խորանարդ մետր, հազար խորանարդ մետրի դիմաց սահմանին 177,5 դոլար ֆիքսված գնով: Կալուգինի խոսքով՝ դաշնակցային կարգավիճակը վերանայելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն դաշնակիցներին:
ժամկետն էլ է կարևոր. 2016 թ. կնքված գազային պայմանագիրը գործում է մինչև այս տարվա վերջ: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համոզված է, որ հունվարի 1-ից գազի գինը կբարձրանա, և հարևաններից ներմուծվող այլընտրանքը, նրա գնահատմամբ, կարող է մինչև երեք անգամ թանկ լինել:
Թվերը և իրողությունները՝ հողի վրա
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ հունվար-օգոստոսին հայկական ծագման արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան 69%-ով, և երկրի ամբողջ գյուղմթերքը «կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված»: Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները՝ մեկ կիլոգրամի համար 2,2 դոլար արժեքով:
Վերին Դվինում ներկայացվող այս վարդագույն պատկերի հետ համաձայն չեն։ Համայնքը 50-60 հեկտարից սպասում է ավելի քան 2000 տոննա լոլիկ: Սակայն գյուղացիներից մեկը պատմում է, որ վաճառում է կիլոգրամը 25 դրամով և չգիտի, թե երբ կստանա գումարը: Բնակիչների բացատրությամբ՝ երբ խոշոր արտահանողները ռուսական սահմանափակումների պատճառով դժվարությունների բախվեցին, չարտահանված բերքը լցվել է ներքին շուկա, և փոքր տնտեսությունների արտադրանքը պարզապես չի վաճառվում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եվրոպական արտոնությունները անվանում է «փրկօղակ», բայց զգուշացնում է, որ շատ արտադրողներ (այդ թվում՝ անհատ արտադրողները,-խմբ․) դեռ պատրաստ չեն արտահանմանը. չունեն պայմանագրեր և HACCP կամ ISO 22000 հավաստագրեր։ Կրիտիկական գնահատական է հնչեցնում նաև տնտեսագետ Հրայր Կամենդատյանը․ նրա խոսքով՝ հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնում էին Ռուսաստան, ԵՄ չեն գնալու:
Փոխարժեքի կայունություն՝ գյուղատնտեսության անկման ֆոնին
Դաշտերում տիրող անհանգիստ իրավիճակը չի սպառնում արժութային շուկային, որն այս շաբաթվա ընթացքում հանգիստ էր․ ԿԲ-ի սահմանած փոխարժեքով դոլարը տատանվել է 361,93-362,32 դրամի, եվրոն՝ 405,44-407,19 դրամի սահմաններում: Նման կայունությունը ոչ պակաս կարևոր է արտահանողի համար, որի եկամուտը եվրոյով է, իսկ ծախսերը՝ դրամով: Սակայն կայուն փոխարժեքը չի լուծում ստանդարտների, լոգիստիկայի և վաճառքի պայմանագրերի հարցը, որոնց բացակայությունն այս պահին ավելի մեծ խոչընդոտ է, քան արտարժույթի տատանումները։
Սրան զուգահեռ, Համաշխարհային բանկն այս շաբաթ բարձրացրել է Հայաստանի 2026 թ. աճի կանխատեսումը՝ մինչև 5,6%, բայց միաժամանակ նշել, որ գյուղատնտեսության ակտիվությունը նվազել է անբարենպաստ եղանակի և ռուսական սահմանափակումների պատճառով, իսկ աճի հիմնական շարժիչներն են ծառայություններն ու շինարարությունը:
Հարցեր, որոնց պատասխանը կորոշի հաջորդ երկու տարին
Արտոնությունների երկու տարին ոչ թե երաշխիք է, այլ ժամանակ է հարմարվելու համար՝ առաջարկվող նոր հնարավորություններին: Քանի՞ փոքր արտադրող կհասցնի հավաստագրվել: Ինչ կլինի գազի գնի հետ հունվարից հետո, և ինչպես դա կանդրադառնա գյուղատնտեսական՝ հատկապես ջերմողային արտադրանքի ինքնարժեքի վրա։ Եվ արդյոք եվրոպական ու արաբական շուկաների նոր հնարավորությունները կհասնեն Վերին Դվինի նման համայնքներին, թե կմնան խոշոր խաղացողների մենաշնորհը: Այս հարցերի պատասխանից է կախված՝ արդյոք արտահանման շրջադարձը կդառնա տնտեսության դիվերսիֆիկացիա, թե պարզապես կախվածության մի շուկայից մյուսով տեղափոխում:
Կարդացել են
1 անգամ