Ֆրանսիայի աշակերտական և ուսուցչական արհմիությունները երեքշաբթի օրը նոր համազգային գործադուլի կոչ են արել դպրոցներում՝ չնայած կրթական համակարգում ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության հայտարարած միջոցներին, հաղորդում է Reuters-ը։ Բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ և տարածվել են նաև համալսարաններում։
Ֆրանսիայի կրթության նախարարությունը շտապ կապվում է մոտ 3000 պահեստային ուսուցչի հետ, որոնց կուղարկեն կադրերի առավել սուր պակաս ունեցող դպրոցներ, առաջին հերթին՝ անապահով թաղամասերում։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ միջոցն անմիջապես ուժի մեջ կմտնի։ Գործակալության տվյալներով՝ պետական լիցեյներում ուսումնական ժամերի մոտ 10%-ն անցկացվում է առանց ուսուցչի։
Ժեֆրեն հայտնել է նաև, որ բողոքի ակցիաների սկզբից կրթական համակարգի ավելի քան 100 աշխատակից վնասվածքներ է ստացել։ Հոկտեմբերի 9-ի դրությամբ ամբողջ երկրում փակ էր 141 դպրոց։ Նախորդ օրը ցույցերին մասնակցել էր ավելի քան 71 հազար մարդ, այդ թվում՝ 24,5 հազարը՝ Փարիզում։
Ցուցարարները պահանջում են լուծել ուսուցիչների պակասի, գերբեռնված դասարանների և դպրոցական շենքերի վատ վիճակի խնդիրները և դեմ են կրթության ծախսերի կրճատմանը։ Աշակերտական կազմակերպությունները լրացուցիչ ուսուցիչներ ուղարկելու որոշումն անվանել են իշխանությունների առաջին էական զիջումը, սակայն հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն։
Բողոքի ակցիաներն ուղեկցվում են բախումներով և վանդալիզմով։ Իշխանությունները կասեցրել են ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառումը, երբ Լանսում բախումների ժամանակ 15-ամյա դեռահասը կորցրել էր դաստակը և նախաբազկի մի մասը։ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ առանձին քննություններ են սկսվել։
Շարժումը տարածվել է նաև Ֆրանսիայից դուրս։ Բելգիայում ուսանողական բողոքի ակցիաները հոկտեմբերի 9-ին համընկել են համազգային գործադուլի հետ։ Բրյուսելում ակցիային մասնակցել է մոտ 30 հազար մարդ, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել է 21 մարդ, այդ թվում՝ 13 անչափահաս։
Ֆրանսիայում անկարգությունների սկզբից ավելի քան 2300 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, ձերբակալվածների մեծ մասն անչափահասներ են։ Հոկտեմբերի 6-ին դպրոցական բողոքի ակցիաները հասել էին ներկայիս ալիքի ամենամեծ մասշտաբին՝ ցույցեր և արգելափակումներ էին անցկացվել Փարիզում, Ստրասբուրգում, Լիոնում, Ռենում և այլ քաղաքներում։
