«Անհավասարակշռության կործանիչը». Ադրբեջանի հրթիռահարվածային հզորությունը և Հայաստանի պաշտպանական հարմարվողականությունը



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը «հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների գերակայության» վրա հիմնված մոդելից անցում է կատարել դեպի բազմաոլորտ հարձակողական կարողությունների համապարփակ զարգացում՝ ներառյալ ավիացիան, «երկիր-երկիր» դասի բարձր ճշգրտության հրթիռային համակարգերը և հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգը, որը նախատեսված է հարվածային խմբավորումները պատասխան գործողություններից պաշտպանելու համար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանը ձևավորում է հիմնականում պաշտպանական, շերտավորված մոդել միաժամանակ դիվերսիֆիկացնելով սպառազինության մատակարարներին, գրում է eadaily.com–ը։ 

Պատերազմի ավարտից հետո անցած վեց տարիների ընթացքում Բաքվի և Երևանի միջև սպառազինության ձեռքբերման տեմպերի և բնույթի առումով առկա անհամաչափությունը պահպանվել և շարունակում է խորանալ։ Պատերազմից առաջ Ադրբեջանի ռազմական ծախսերը կայուն աճ էին գրանցում արձանագրելով ամենաբարձր ցուցանիշներից մեկը Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում. միտում, որը պայմանավորված էր Ղարաբաղյան հակամարտությամբ։ 2025 թվականի դրությամբ երկրի պաշտպանական բյուջեն գնահատվում էր մոտ 3,1 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի շուրջ 5%-ը). սա բարձր ցուցանիշ է համաշխարհային չափանիշներով, որը ֆինանսավորվում է նավթի և գազի աճող եկամուտների հաշվին։ Ռազմական բյուջեի հիմնական առաջնահերթություններն են Ղարաբաղյան ռազմական գործողությունների ընթացքում սպառված զինամթերքի և ԱԹՍ-ների պաշարների համալրումը, զրահատեխնիկայի արդիականացումը, բարձր ճշգրտության հարվածային կարողությունների ընդլայնումը և վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածքների զարգացումը։ Իսրայելը և Թուրքիան շարունակում են մնալ Բաքվի հիմնական մատակարարներն ու գործընկերները սպառազինության ձեռքբերման գործում։ Ամենանշանակալի ձեռքբերումը չին-պակիստանյան արտադրության JF-17C Block III կործանիչների գնումն է։ 1,6 միլիարդ դոլար արժողությամբ սկզբնական պայմանագիրը նախատեսում էր ութ ինքնաթիռի մատակարարում ևս ութի ձեռքբերման հնարավորությամբ. դրանք պետք է փոխարինեին MiG-29–ին: Այդ սերիական արտադրության առաջին ինքնաթիռները հանրությանը ներկայացվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած շքերթի ժամանակ։ Չորս միատեղանի և մեկ երկտեղանի (մարտական-ուսումնական տարբերակ) JF-17 ինքնաթիռները թռիչք են կատարել հանրապետության մայրաքաղաքի երկնքում։ Ադրբեջանը դարձել է այդ կործանիչների չորրորդ շահագործողը Պակիստանից, Մյանմայից և Նիգերիայից հետո։

Վերլուծաբանները նշում են, որ այս ձեռքբերման նշանակությունը դուրս է գալիս պարզապես ավիապարկի թարմացման շրջանակներից, քանի որ ինքնաթիռը կարող է ինտեգրվել թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և թիրախավորման արտաքին համակարգերի հետ ցանցակենտրոն պատերազմի այնպիսի ճարտարապետության շրջանակներում, որը միավորում է հետախուզման, դիտարկման և բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու կարողությունները։ Արևմտյան դիտորդները բնութագրել են Ադրբեջանի բանակի ավիացիոն բաղադրիչի արդիականացումը (որն իրականացվում է JF-17C Block III-ի ձեռքբերման պայմանագրի շրջանակներում) որպես քայլ, որն ամրապնդում է հանրապետության ռազմաօդային ուժերի դիրքերը դարձնելով դրանք ամենահզորը Հարավային Կովկասում թե՛ որակական, թե՛ քանակական առումով։

Կործանիչ ավիացիային զուգահեռ Ադրբեջանն ընդլայնել է նաև ծանր հարվածային ԱԹՍ-ների իր պարկը։ Բացի թուրքական Bayraktar TB2-ներից (որոնք պատվիրվել էին 2020 թվականին և մատակարարվել մինչև 2023 թվականը), Բաքուն ստացել է Bayraktar Akıncı՝ ավելի մեծ հեռահարությամբ և բեռնատարողությամբ օժտված անօդաչու սարք, որն ունակ է կրել կառավարվող զինամթերք և «օդ-երկիր» դասի հրթիռներ։ 2023 թվականի ապրիլին թուրքական Baykar ընկերության հետ ստորագրվել է այդ սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնագիր։

Բացի այդ, Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համագործակցությամբ արդիականացնում է Su-25 գրոհային ինքնաթիռների իր պարկը և ձեռք է բերել իտալական C-27J Spartan տակտիկական տրանսպորտային ինքնաթիռներ հիմնականում համեմատաբար հեռու տեղակայված զորամիավորումներին նյութատեխնիկական ապահովում տրամադրելու, այդ թվում Ղարաբաղի տարածաշրջան լրացուցիչ ուժեր տեղափոխելու նպատակով։ Ադրբեջանի համար հարձակողական ներուժի առանցքային տարր է մնում իսրայելական LORA (հեռահար հրետանային) համակարգը. դեռևս 2018 թվականին ձեռք բերված այդ համակարգը շարունակում է արդիականացվել հեռահարությունն ընդլայնելու նպատակով (հեռահարությունը հասնելով մոտ 400 կմ-ի): Հատկանշական է այն, որ այս հարվածային համակարգը կարող է տեղակայվել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում: Զուգահեռաբար, մինչև 44-օրյա պատերազմը, Ադրբեջանը ձեռք էր բերել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) 301 մմ տրամաչափով և մոտ 200 կմ հեռահարությամբ. դրանք ի սկզբանե ձեռք էին բերվել որպես հակաքայլ ի պատասխան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ Հայաստանին մատակարարված ռուսական «Իսկանդեր-Է» մարտավարական հրթիռային համակարգերի: Զգալիորեն ընդլայնվել է նաև թուրքական արտադրության «երկիր-երկիր» դասի հարվածային համակարգերի զինանոցը: Ներկայացվել են Roketsan-ի արտադրության TRLG-230 և TRG-300 համակարգերը, որոնց լազերային և GPS/INS ուղղորդման հնարավորությունները թույլ են տալիս գործել հարվածային ԱԹՍ-ների հետ համակարգված: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը սպառազինության մեջ են ներառել նույն արտադրողի նոր՝ Kasırga-TRLG 230A մարտավարական հրթիռային համակարգը (230 մմ տրամաչափի հրթիռը կրում է բարձր պայթուցիկ-բեկորային մարտագլխիկ և կարող է խոցել թիրախներ 20-ից 70 կմ հեռավորության վրա):

Հարվածային ներուժի այս ընդլայնումն ուղեկցվում է հակաօդային պաշտպանության օղակի որակական ամրապնդմամբ, ինչը վճռորոշ գործոն է հարվածային ավիացիայի և հրթիռային ուժերի գործողությունների ազատությունն ապահովելու համար հնարավոր պատասխան հարվածի պարագայում: 2025 թվականին Ադրբեջանն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է չինական հեռահար HQ-9BE համակարգը դառնալով այդ համակարգը ունեցող չորրորդ երկիրը (Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո) և առաջին հետխորհրդային պետությունը: Այդ համակարգը լրացնում է Ադրբեջանի առկա ռուսական S-300 և իսրայելական «Barak» մարտկոցները ստեղծելով հակաօդային պաշտպանության բազմաշերտ կառուցվածք։

Հայաստանի պաշտպանական ռազմավարությունն է դիվերսիֆիկացիան և էշելոնացումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ուղղակիորեն կապել էր Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ աճը սպառազինության խոշորածավալ գնումների հետ նշելով, որ 2020 թվականից հետո Երևանը ստիպված է եղել զենք ձեռք բերել «մեծ քանակությամբ և միանգամից»։ Ղարաբաղյան ցավալի պարտությունից հետո ռազմական կարողությունների վերականգնման հարցում Հայաստանի հիմնական ռազմավարությունը շեղվել է Ռուսաստանից դեպի սպառազինության երկու առաջնահերթ այլ մատակարարներ՝ Հնդկաստան և Ֆրանսիա։

Հատկանշական է հնդկական ուղղությունը։ Հայաստանը ձեռք է բերել և շարունակում է ստանալ հնդկական համակարգեր, այդ թվում «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), «Swathi» հակամարտկոցային ռադարներ, «Zen» հակաանօդաչու համակարգեր, «Akash» միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռային համակարգեր և 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ (քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին)։ Հնդկական աղբյուրների համաձայն 2024–2025 ֆինանսական տարում Նյու Դելիից Երևանի կատարած գնումների ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։

Ավելի վաղ հաղորդումներ են եղել Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների (ռուսական արտոնագրով հնդկական «Hindustan Aeronautics Limited»-ի կողմից արտադրված և արդիականացված «4+» սերնդի ինքնաթիռներ) ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին մինչև 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում, որի առաջին խմբաքանակի մատակարարումը նախատեսվում է 2027-2029 թվականներին։ Ակնկալվում է, որ Su-30MKI-ի «հայկական տարբերակը» էապես կտարբերվի ստանդարտ ռուսական մոդելներից հնդկական համակարգերի լայնածավալ ինտեգրման շնորհիվ։ Նախատեսվում է ինքնաթիռները հագեցնել հնդկական «Uttam» AESA ռադարով, DRDO պաշտպանական գործակալության ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգով և հնդկական արտադրության ժամանակակից «Astra Mk-1» ու «Mk-2» «օդ-օդ» դասի հրթիռներով։

Արևմտյան դիտորդներն արագորեն կապեցին հայ-հնդկական այս պոտենցիալ խոշոր պայմանագիրը Երևանի «Su-30SM ծրագրի ձախողումը» փոխհատուցելու ձգտման հետ. խոսքը այն ինքնաթիռների մասին է, որոնք հայկական բանակը դեռևս ստիպված է շահագործել սահմանափակ ծավալով համատեղելի զինամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։

Հայաստանի պաշտպանության նոր մոդելը կառուցվում է էշելոնային սկզբունքով։ Առաջին էշելոնը (0–10 կմ) հիմնված է ցածր արժեք ունեցող, տեղական արտադրության FPV անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա, որոնք ունակ են զարգացնել 100–300 կմ/ժ արագություն և կրել 150–500 գրամ քաշով մարտագլխիկներ։ Դրանք համակցվում են հակա-ԱԹՍ համակարգերի հետ՝ պաշտպանելու հրետանին և հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես նաև զսպելու հակառակորդի հետևակի և զրահատեխնիկայի առաջխաղացումը։ Երկրորդ էշելոնը (10–80 կմ) ենթադրում է ավելի ծանր FPV ԱԹՍ-ների և մեկից երեք ժամ թռիչքի տևողությամբ «սպասող» (loitering) զինամթերքի կիրառում։

44-օրյա պատերազմը բացահայտեց Հայաստանի մոտ ժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների գրեթե լիակատար բացակայությունը։ R-330 «Mandat» և SPN-30 համակարգերն անարդյունավետ գտնվեցին պաշտպանված կապուղիներով գործող թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների դեմ պայքարում։ Խորհրդային արտադրության SPN-30-ը հնացած էր թե՛ տեխնիկական, թե՛ հայեցակարգային առումով։ Ինչ վերաբերում է «Mandat»-ին, ապա պատերազմից մի քանի տարի առաջ տեղեկություններ էին հայտնվել հայկական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում ՌԷՊ-ի և էլեկտրոնային ճնշման այդ համակարգերի լայնածավալ արդիականացման մասին։ Հաղորդվում էր, որ համակարգի ներքին բաղադրիչները փոխարինվել են եվրոպական և տեղական արտադրության միավորներով զգալիորեն ընդլայնելով դրա գործառնական հնարավորությունները։ Ամեն դեպքում, 2020 թվականի աշնան դրությամբ Ղարաբաղում հայկական կողմը չուներ ժամանակակից ՌԷՊ միջոցներ, և որևէ համապարփակ ջանք չգործադրվեց ԱԹՍ-ների բազաները կամ դրանց վերգետնյա կառավարման կայանները թիրախավորելու ուղղությամբ։ Այս ոլորտում հետպատերազմյան գնումներն իրականացվում են ոչ թե պատահական կամ առանձին սկզբունքով, այլ «ռադար/հետախուզություն – ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ) – հակաօդային պաշտպանություն» ինտեգրված համակարգի շրջանակներում (օրինակ հնդկական Swathi կամ ֆրանսիական GM200 ռադարներ + հնդկական D4/ZADS համակարգեր + հնդկական Akash կամ ֆրանսիական Mistral ՀՕՊ համակարգեր)։ Այս մոտեցումը, թերևս, ավելի հիմնավորված է, քան առանձին համակարգերի հատվածական ձեռքբերումը։ Միաժամանակ, ներքին արտադրական կարողությունների (թեև սահմանափակ) ի հայտ գալը (ներառյալ այնպիսի մշակողների մասնակցությունը, ինչպիսիք են ArmHiTec-ը, Arsenal-ը և Locator-ը) երկարաժամկետ հեռանկարում մեղմում է օտարերկրյա աղբյուրներից տեխնոլոգիական լիակատար կախվածության ռիսկը։ Այնուամենայնիվ, ներկա փուլում հայկական ռազմարդյունաբերության ՌԷՊ ոլորտը հիմնականում մնում է նախատիպերի կամ սահմանափակ խմբաքանակների մակարդակի վրա չհասնելով սերիական արտադրության։ Առկա են նաև զգալի ռիսկեր։ Ձեռք բերված ՌԷՊ համակարգերից ոչ մեկը չի փորձարկվել 2020 թվականի հակամարտությանը համադրելի ինտենսիվությամբ իրական մարտական ​​գործողությունների ընթացքում։ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական (KORAL դասի) և իսրայելական ժամանակակից ռադիոխանգարման համակարգերի դեմ դրանց մարտական ​​արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ։ Բացի այդ, տարաբնույթ սարքավորումների՝ հնդկական, ֆրանսիական և խորհրդային/ռուսական «ժառանգություն» հանդիսացող տեխնիկայի ինտեգրումը միասնական կառավարման ցանցի մեջ բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել պարզապես օտարերկրյա մատակարարներից սարքավորումներ գնելու միջոցով։ 

Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի ներկայիս հարաբերակցության սխեմատիկ համեմատական ​​գնահատականը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ: Ըստ փորձագիտական ​​գնահատականների Ադրբեջանի կողմից JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը ստիպում է հայ ռազմական պլանավորողներին վերանայել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վերաբերյալ իրենց պատկերացումները (որոնք էականորեն փոխվել էին 44-օրյա պատերազմից հետո), քանի որ Բաքուն այժմ համատեղում է կործանիչների արդիականացված հնարավորությունները անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մղվող պատերազմում ձեռք բերված փորձի հետ։ Այս Անօդաչու համակարգերից դեպի «4,5-րդ սերնդի» անձնակազմով կառավարվող բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ (JF-17C Block III) անցումը և ցամաքային զորքերի հարվածային հեռահարության մեծացումը (LORA, «Պոլոնեզ» և Roketsan համակարգերի միջոցով) Ադրբեջանին տեղափոխում են «ԱԹՍ-ների շնորհիվ հաղթած երկրի» կարգավիճակից դեպի այնպիսի պետության կարգավիճակ, որն օժտված է հարձակողական հարվածային լիարժեք հնարավորություններով, որը ընդգրկում է հայկական տարածքի ողջ օպերատիվ խորությունը։ Այս նոր պայմաններում Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգը դիտարկվում է որպես հարձակողական գործողություններին աջակցելու կենսական գործիք, այլ ոչ թե բացառապես պաշտպանության միջոց։ Չինական HQ-9BE և իսրայելական Barak-8 համակարգերի ձեռքբերումը՝ ռուսական S-300-ների կողքին, ստեղծում է պաշտպանիչ «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ինքնաթիռների և հրթիռային ստորաբաժանումների համար առկա ռիսկերը՝ հակառակորդի ենթակառուցվածքային թիրախների խոցման ժամանակ։

Ռազմական արդիականացման տեմպերի հարցում նույնպես առկա է ակնհայտ անհամաչափություն։ Մինչ Ադրբեջանն իրականացնում է խոշոր՝ հաճախ միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր (օրինակ՝ JF-17C Block III-ի համար), Հայաստանը 2020 թվականի կորուստներից հետո վերջին վեց տարիների ընթացքում մեծամասամբ ստիպված է եղել որդեգրել «ժամանակավոր լուծումների» մոտեցում։ Միաժամանակ, Երևանը բախվում է բյուջետային սահմանափակումների և տարաբնույթ համակարգերի (հնդկական, ֆրանսիական և ռուսական) համատեղելիության մարտահրավերների։

Հայաստանի պաշտպանական դոկտրինն ընդհանուր առմամբ իրատեսական է, սակայն ունի իր սահմանափակումները։ Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա հիմնված բազմաշերտ մոդելը ռացիոնալ արձագանք է թվում սահմանափակ ներքին ռեսուրսների պայմաններում, սակայն այն չի երաշխավորում պաշտպանություն զանգվածային («սատուրացիոն») հարվածներից, հատկապես LORA-ի նման հեռահար մարտավարական հրթիռային համակարգերի կիրառմամբ իրականացվող հարվածներից, որոնք գործում են հակա-ԱԹՍ համակարգերի մեծ մասի հասանելիության գոտուց դուրս։

Հետևաբար, մի շարք գործոնների համադրությունը՝ ներառյալ Ադրբեջանի հեռահար հարվածային կարողությունների ընդլայնումը, ավիացիոն միջոցների ինտեգրումը ցանցակենտրոն թիրախավորման ճարտարապետության մեջ և Հայաստանի պաշտպանական համակարգի համեմատաբար դանդաղ ու ռեսուրսային սահմանափակումներով ուղեկցվող արդիականացումը, միջնաժամկետ հեռանկարում (2027–2029 թթ.) պահպանում է կառուցվածքային անհավասարակշռություն հօգուտ Բաքվի։

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը 2026 թվականի համար կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի (5,1 միլիարդ ԱՄՆ դոլար) չափով, ինչը կազմում է պետական ​​բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 21%-ը։ Սա 3,8%-ով ավելին է 2025 թվականի համեմատ։ Պատերազմից հետո մի քանի տարի շարունակ ծախսերը մնացել են կայուն բարձր մակարդակի վրա գերազանցելով բյուջեի 20%-ը։ Առաջիկա տարվա պետական ​​բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված հատկացումները սահմանվել են 8,8 միլիարդ մանաթ։

Այս ֆոնին, և 2023–2025 թվականներին Հայաստանի պաշտպանական ծախսերի կտրուկ աճից հետո (երբ դրանք 2018 թվականի 245 միլիարդ դրամից հասան 664 միլիարդ դրամի կամ 1,74 միլիարդ ԱՄՆ դոլարի 2025 թվականին), Հայաստանը նախատեսել է ծախսերի կրճատում շուրջ 16%-ով ցուցանիշը հասցնելով 560 միլիարդ դրամի (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այսպիսով, պաշտպանական բյուջեների բացարձակ տարբերությունը կազմում է մոտավորապես 3,5:1 հօգուտ Բաքվի. այս անհամամասնությունը կմեծանա 2026 թվականին, քանի որ Ադրբեջանն ավելացնում է ծախսերը, իսկ Հայաստանը կրճատում։ Սա խորացնում է հարևան հանրապետությունների միջև առկա ռազմական անհավասարակշռությունը։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի համապատասխան ծախսերը հանրապետության բյուջեում ներառված են «պաշտպանություն և ազգային անվտանգություն» ավելի լայն կատեգորիայի ներքո։ Թեև 2025 թվականի համար նախատեսված բուն ռազմական բյուջեն կազմել է մոտ 3,1 միլիարդ դոլար, Հայաստանի հետ առկա տարբերությունն, այնուամենայնիվ, մնում է զգալի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment