ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ներառել է պատժամիջոցների ցանկում, հայտնում է գերատեսչությունը։
Հայտարարության համաձայն՝ ՄՔԴ-ն ընդգրկվել է պատժամիջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների (SDN) ցանկում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի փետրվարին ստորագրած հրամանագրի հիման վրա։
Այն ժամանակ ԱՄՆ վարչակազմը ՄՔԴ-ին մեղադրել էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու մեջ։
Հրամանագիրը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ-ի այն աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, որոնք ներգրավված են ԱՄՆ քաղաքացիների կամ Վաշինգտոնի դաշնակիցների նկատմամբ իրականացվող հետաքննություններում։
Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի քանի արտոնագիր, որոնցով ՄՔԴ-ի հետ որոշ գործարքներ ժամանակավորապես ազատվում են պատժամիջոցներից։
Օգոստոսին Եվրամիությունը դատապարտել էր ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի և դատարանի ավագ դատավարական իրավաբան Աբդուլայե Սեյեի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։
2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սպիտակ տունը որոշումը հիմնավորել էր ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների նկատմամբ դատարանի գործողություններով։ Հրամանագիրը նախատեսում է պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում և մուտքի սահմանափակում։
2024 թվականի նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն ձերբակալման օրդերներ էր տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այդ ժամանակ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։ Դատարանը հայտնել էր, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ նրանք պատասխանատվություն են կրում Գազայում պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։
