Եվրամիության (ԵՄ) գնահատման երկրորդ առաքելությունն այս օրերին Հայաստանում է՝ ստուգելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված պահանջների կատարումը։ Ինչպես հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, առաքելության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ, որը ներկայացրել է իրականացվող միջոցառումների ընթացքը և ընդգծել գրանցված զգալի առաջընթացը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ԵՄ պատվիրակության, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex), ԵՄ անդամ երկրների փորձագետների և հայկական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արմեն Ղազարյանը նշել է, որ նախարար Արփինե Սարգսյանի համակարգմամբ ՆԳՆ-ն հետևողականորեն իրականացնում է գործողությունների ծրագիրը՝ այդպիսով վերահաստատելով գործընթացին Հայաստանի քաղաքական հանձնառությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ հաջողություններ է գրանցել մի շարք ուղղություններով, իսկ առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել առանցքային բարեփոխումները, այդ թվում՝ ներդնել կենսաչափական համակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիության, միգրացիայի կառավարման և սահմանային վերահսկողությանն առնչվող հարցեր։
ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այցի նպատակն է գնահատել արձանագրված առաջընթացը, բացահայտել առկա խնդիրները և նախանշել հետագա քայլերը։
Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ստանձնել ստանձնած պարտավորությունները և ապահովել դրանց կատարումը սահմանված ժամկետներում։