Վերին Դվինի գյուղատնտեսների բողոքի ակցիան՝ լոլիկի իրացման խնդիրների պատճառով

Արարատի մարզի Վերին Դվին գյուղի գյուղատնտեսները բողոքի ակցիա են անցկացրել լոլիկի բերքի իրացման խնդիրների պատճառով։

Ակցիայի մասնակիցները News.am-ին պատմել են, որ բերքի զգալի մասը մնում է դաշտերում, քանի որ այն արտադրողների համար ընդունելի գնով վաճառել չի հաջողվում։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացրել է News.am-ի YouTube-յան ալիքը։

Ֆերմերներից մեկի խոսքով՝ լոլիկը առաջարկում են գնել կիլոգրամը 25–40 դրամով, ինչը չի ծածկում աճեցման և բերքահավաքի ծախսերը։

«Դաշտի պոմիդոր է, ոչ ծախել ենք, ոչ բան։ Մի անգամ մի թեթև տվեցինք ֆուռաներին, վսյո, պրծավ, որ տարան Վրաստան։ Հիմա չգիտենք՝ չենք էլ քաղում։ Տանում եմ շուկա, բերում, այս ժողովրդին փող չեմ կարողանում տալ»,- ասել է նա։

Ֆերմերը պատմել է, որ գարնանը տոկոսով մոտ 6 մլն դրամ է վերցրել գյուղատնտեսական աշխատանքների, այդ թվում՝ բույսերի մշակման միջոցների համար։ Նրա խոսքով՝ այժմ չի կարողանում վճարել պարտատերերին և աշխատողներին։

«Ամեն օր զանգում են, փող են ուզում։ Որտեղի՞ց տամ այդ փողերը։ Իմ դրած փողը չեմ ուզում, գոնե պարտքերս փակեմ,»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Նա կոչ է արել իշխանություններին օգնել գյուղատնտեսներին կազմակերպել բերքի իրացումը, այդ թվում՝ մնացած բերքի արտահանումը։

«Վերևից պիտի օգնեն մեզ, մի բան անեն, գոնե Վրաստան կամ ուրիշ տեղ հանենք, որ ծախվի ապրանքը»,- ասել է գյուղատնտեսը։

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Արթուր Մուրադովը, պատմել է, որ գյուղացիները քաղած բերքը տանում են շուկա, սակայն հաճախ ստիպված են լինում վերադառնալ չվաճառված ապրանքով։

«Չի ծախվում, ի՞նչ անեմ։ Գնում եմ շուկա, հետ եմ գալիս։ Այնպես չէ, որ որակը վատն է»,- ասել է նա։

Նա արձագանքել է նաև նրանց, ովքեր մեկնաբանություններում լոլիկ արտադրողներին մեղադրում են սուտ խոսելու մեջ։ «Եկեք շուկա, ես ձեզ 150-ով տամ, ոչ թե 400 դրամով առնեք»,- ասել է Մուրադովը։

Ակցիայի մասնակիցներին աջակցություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսները լրացուցիչ ծախսեր են կրում բերքահավաքի և առաքման համար։ Բանվորների աշխատանքը ժամը 1000 դրամից ավելի է արժենում, իսկ բեռնատարով Հովտաշատի շուկա առաքումը՝ մոտ 20 հազար դրամ։

«Սուբսիդիան հանելուց հետո մարդիկ չեն կարողանում վաճառք կազմակերպել, բայց հետաքրքիրը այն է, որ սուպերմարկետներում 550 դրամի կարգի է վաճառվում։Այս մարդիկ 80-100 դրամով չեն կարողանում վաճառել։ Լավ ապրանքային տեսքով, որ ասենք, ջերմատնային լոլիկից էլ էլի չի տարբերվում իրականում»,- ասել է Մնացականյանը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանից ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումների, «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման կասեցման, ձկան արտահանման, կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման սահմանափակման մասին: «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցները բացատրել է ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով և մատակարարումների անվտանգության ու հետագծելիության ապահովման անհրաժեշտությամբ։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը օգոստոսին այդ պահանջների պահպանումն անվանել էր ներմուծման վերսկսման պայման։ Ռոսսելխոզնադզորը սեպտեմբերի 25-ին հայտնել էր արգելքը պահպանելու մասին։
 
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն սկսել է արտահանումը նոր ուղղություններով, ներառյալ՝ վարդերի և այլ արտադրանքի փորձնական խմբաքանակները: Սեպտեմբերին ԵՄ խորհուրդը համաձայնեցրել էր երկու տարով ԵՄ հայկական արտահանման 80%-ի մաքսատուրքերի չեղարկումը: Եվրամիությունը նաև խոստացել էր Հայաստանին հատկացնել 50 միլիոն եվրո՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Կարդացեք նաև՝

Փորձագետ․ սուբսիդիաները չեն փոխհատուցում հայ արտադրողների կորուստները

Leave a Comment