ՍԴ-ն հրաժարվել է քննել կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության դիմումը

Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների դիմումը կառավարության ծրագրի վերաբերյալ՝ համարելով, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն։ Որոշումը հոկտեմբերի 6-ին ստորագրել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները վիճարկել էին ԱԺ 2026 թվականի օգոստոսի 25-ի որոշումը՝ մատնանշելով ինչպես ընթացակարգային խախտումներ, այնպես էլ կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնի բովանդակությունը։

Նրանց պնդմամբ՝ Ազգային ժողովը խախտել էր կառավարության ծրագրի քննարկման ընթացակարգը՝ այն սկսելով մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտը։

Դիմումատուները վիճարկել էին նաև Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները՝ պնդելով, որ դրանք առնչվում են եկեղեցու ներքին կառավարմանը և կարող են խախտել խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում խոսվում է եկեղեցու ղեկավարության փոփոխության, կաթողիկոսական գահի տեղապահի ընտրության, եկեղեցու կանոնադրության ընդունման և նոր կաթողիկոսի ընտրության մասին։

ՍԴ-ն արձանագրել է, որ դիմումը չի պարունակում բավարար հիմնավորումներ՝ վիճարկվող որոշման սահմանադրականությունը ըստ էության քննելու համար։

Դատարանը նաև նշել է, որ կառավարության ծրագրում ներառված համապատասխան դրույթները քաղաքական բնույթի հայտարարություններ են և ինքնին նորմատիվ կարգավորում չեն սահմանում։

Leave a Comment