Էս խանութների սեփականատերերին կարա ինֆարկտ խփի. քաղաքապետարանն Աջափնյակում օրինական գո՞ւյք է ապամոնտաժում

Աջափնյակում Երևանի քաղաքապետարանի կողմից քանդման ենթակա շինություններից մեկի սեփականատերն այսօր լրագրողների հետ զրույցում դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Հարգելի վարչապետ, հարգելի քաղաքապետ, ահա՛, խնդրեմ մեր խանութների սեփականաշնորհման վկայականները։ 20 օր առաջ եկել են, ստուգել են։ Պարզել են, որ պետք չի քանդել շինությունները։

Իսկ հիմա եկել ժամանակ են տվել, որ երեքշաբթի օրը գալու են՝ քանդեն։ Մենք չգիտենք, չենք կարողանում կողմնորոշվել, խնդրում ենք Ձեր աջակցությունը, պարոն վարչապետ։ Մեր հանդեպ գտնվեք մեծահոգի, բարեգութ, գոնե մեկ տարի ժամանակ տվեք։
Մարդը 90 թվից աշխատել է ցրտին, մթին։ Մյուսները փախել են դրսերում հարստություն ման գալով, ինքը այստեղ հիվանդություն է ձեռք բերել, խնդիրներ ունի, վարկերի տակ է, գոնե մեկ տարի երկարաձգեք, վարկերից պրծնի։ Վաղն էլ կգաք տունը կքանդեք վարկերի համար։ Մենք ո՞նց անենք, գերի՞ ենք էս մեր երկրում, մեր հողի վրա։

Հեսա, ամբողջը կա՝ կադաստրի կողմից տրված։ Կադաստրն էլ ինչ-որ մի օֆիս չի վերջապես։ Խնդրում եմ Ձեր աջակցությունը, գտնվեք մեծահոգի, մեկ տարի աջակցեք»,- ասաց տղամարդը։։

Մեկ այլ սեփականատեր էլ ասաց.

«Էս խանութների սեփականատերերին կարա ինֆարկտ խփի։ Այսօր մեր օրինական, թղթեր ունեցող խանութներն են քանդում, վաղը օրինական թուղթ ունեցող տները քանդեն։ Մենք ավել բան չենք ուզում, չենք ասում՝ չենք տալիս։ Մենք հանցագործ մարդիկ չենք, մենք աշխատող մարդիկ ենք։ Մեր գույքը փոխհատուցեք այսօրվա շուկայական արժեքով, եմնք էլ գնանք մի բան առնենք, աշխատենք

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Աջափնյակի նշված հատվածում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են անօրինական կրպակները, սակայն հավաստիացրել են,  որ օրինական խանութներին ձեռք չեն տա։

Այժմ, սակայն, խոստումից շուրջ  մեկ ամիս անց Երևանի քաղաքապետարանից հայտարարել են, որ պետք է քանդվեն նաև օրինական, սեփականության վկայական ունեցող շինությունները։

Leave a Comment