Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու նկատմամբ դատարանը 2 ամսով տնային կալանք է կիրառել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից նշել են, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին հոկտեմբերի 6-ին հայտնել էր Shamshyan.com-ը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն։ Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ երկրորդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, ուսուցչուհին ավելի ուշ ձերբակալվել էր։ Պետական կառույցները երեխաների նկատմամբ բռնության ահազանգեր էին ստացել նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցի վերաբերյալ։ Ավելի ուշ մեկ այլ դեպքով Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու կասկածով 55-ամյա ուսուցչուհի էր ձերբակալվել։

Leave a Comment