Ալիևը մտադիր է Ադրբեջանով բեռնափոխադրումները հասցնել 15 մլն տոննայի – armeniatoday.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքներով երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 մլն տոննայի՝ յուրաքանչյուր ուղղությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է Թուրքմենիայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

Ալիևի խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է 10%-ով և հասել գրեթե 8 մլն տոննայի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքները և ձգտում է դառնալ տարածաշրջանի գլխավոր տարանցիկ հանգույցներից մեկը։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին նախագահել ԱՊՀ-ում և նույն տարվա աշնանը հյուրընկալել Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Բաքուն Հայաստանին մատակարարել է նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։

Տարածաշրջանում իրականացվում է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, որը նախատեսում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տարանցիկ հաղորդակցություն Հայաստանի տարածքով։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին Գորիսում քննարկել են նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը։

Leave a Comment