Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափը՝ Թեհրանի և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովում։
Փեզեշքիանի խոսքով՝ նոր ձևաչափը կարող է դառնալ երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ։
Իրանի նախագահը նշել է, որ իր մասնակցությունը գագաթնաժողովին հնարավորություն է տալիս ամրապնդել առկա կապերը և նոր փուլ սկսել ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում։
Նրա գնահատմամբ՝ Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք տրանսպորտային միջանցքները ոչ թե մրցակցող, այլ միմյանց լրացնող նախագծեր են, որոնք կարող են ձևավորել միասնական տարածաշրջանային ցանց։
Փեզեշքիանը հույսն է հայտնել, որ գագաթնաժողովը կնպաստի այնպիսի համագործակցային տարածքի ձևավորմանը, որտեղ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Իրանը հանդես կգան որպես փոխկապակցված տարածաշրջաններ։
