Քաղաքապետարանն Աջափնյակում ապամոնտաժում է օրինական կրպակները՝ առանց փոխհատուցման. բողոքի ակցիա

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք կրպակատերեր և շինությունների սեփականատերեր այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը որոշել է քանդել օրինական կերպով իրենց պատկանող և սեփականության վկայականներ ունեցող կրպակները։
ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց սեփականատերերից մեկը՝ Դավիթ Նահապետյանը, քանդվող շինություններն իրենց խանութներն են։

«20-25 տարի առաջ հայրս, հորեղբայրներս այս խանութները ձուկ ծախելով են սարքել։ Իշխանությունները թույլ են տվել, թղթերը հանել ենք։ Դրանք պետական վարձակալական հողի վրա լրիվ սեփական խանութներ են։ Գործունեություն ենք զարգացրել, հետո արդեն վարձով ենք տվել խանութները ու շարունակել ենք մեր աշխատանքը։

Մի 20-25 օր առաջ եկան թաղապետարանից, թե քաղաքապետարանից, լուրեր տարածեցին, թե խանութները քանդում են։ Հետաքրքրվեցինք, մեզ ասեցին, որ ձերը չեն քանդում, ձերը օրինական խանութներ են. եթե քանդեն՝ պետք է փոխհատուցում տան։

Անօրինականներից մեկը մերն էր, դա էլ քանդեցին, մինչև էսօր մի հատ ծպտուն չենք հանել, չենք բողոքել։

Բայց մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ մեր խանութներն էլ են ուզում քանդել։ Մենք մի քանի հոգով՝ սեփականատերերով ու վարձակալներով, գնացինք թաղապետարան՝ ճշտելու այդ լուրը ճիշտ է, թե սխալ։ Մեզ ասացին, որ բոլոր խանութները քանդվելու է։

Բայց ի՞նչ հիմքով։ Վարձակալներն ասեցին՝ ժամանակ տվեք, չուզեցան տան, ասեցին՝ գնացեք այլ տեղ տարածք գտեք, ձեզ համար ի՞նչ տարբերություն։ Տարբերությունը այն է, որ մարդը վեց տարի առաջ 500,000-ով խանութը վերցրել է, հիմա ուրիշ տեղ նույն կարգի խանութի վարձը 2 մլն դրամ է։

Մեզ 25 օր առաջ ասել են, որ չի քանդվելու, մարդն էլ գնացել է Չինաստան, ասենք, 50 հազար դոլարի ապրանք է բերել, հիմա չգիտեն՝ ինչ անեն»,-ասաց նա։

Դավիթ Նահապետյանը նշեց, որ իրենց և բոլորի հողի վարձակալության պայմանագրերի ժամկետը լրացել է, չեն երկարացրել։

«Բայց գույքը սեփական է, կադաստրում հաստատած սեփական անշարժ գույք է։ Ասում են՝ գերակա շահ է, բայց այդ դեպքում պետք է փոխհատուցեն. այդ գույքը քրտինքով աշխատած է։ Մեր եղածը ուզում են մեզանից առանց փոխհատուցելու վերցնեն ու ոչ մի բան չեն ուզում տան։

Մեզ ժամանակ էլ չեն տալիս, որ դիմենք դատարան։ Այսինքն՝ ոչ թե մեր եղածը քանդեն, նոր դիմենք դատարան, այլ դիմենք դատարան, ասենք ինչու ենք քանդում մեր եղածը։ Ես 25 տարի բոլոր հարկերը մուծել եմ, անօրինական շինության տերերը չեն մուծել, բայց հիմա երկուսինս էլ քանդում են, բա իմ առավելություն ո՞րն էր։ Ասում է՝ առավելությունն այն է, որ բարեխիղճ աշխատել եք։ Բայց ախր նույն ձևով պատժվում ենք առանց փոխհատուցման։ Ես խոսակցություններ եմ լսել, որ այս հետևի խանութների գիծը շենքեր են սարքելու։ 150 ընտանիք մնում է առանց ոչ մի բանի. դա ո՞նց եղավ հանրային շահ։ Մենակ հացի փռում 30 հոգի աշխատող կա»,- ասաց Դավիթ Նահապետյանը։

Սեփականատիրոջ ներկայացմամբ, իրենց հողի վարձակալության ժամկետները լրացել է 2018-2020 թվականներին, սակայն որքան էլ իրենք դիմել են, վարձակալությունը չեն երկարաձգել՝ առանց որևէ պատճառի։

Leave a Comment