ԵԽ-ն հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ընդունել – armeniatoday.am

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Ադրբեջանում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել։

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիներին վերաբերող դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերով։

«ԵԽ-ն կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,- ասված է բանաձևում։

Քվեարկությունից հետո Մեզյուրը քննադատել է Եվրամիությանը (ԵՄ)՝ Ադրբեջանի նկատմամբ դատապարտող հայտարարությունները գործնական քայլերով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է կորցնել իր նկատմամբ վստահությունը, եթե Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող հայտարարություններին գործնական քայլեր չհետևեն։

Փաստաթղթով Եվրախորհրդարանը դատապարտել է նաև Ադրբեջանում ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ համակարգային ճնշումները։ 

Եվրախորհրդարանը նաև քննադատել է ԵՄ ներկայացուցիչներին՝ Ադրբեջան կատարած վերջին բարձր մակարդակի այցերի ընթացքում քաղբանտարկյալների հարցը հրապարակայնորեն չբարձրաձայնելու համար։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունների հետագա խորացումը պետք է պայմանավորված լինի քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց ազատ արձակմամբ և ընդդիմության, անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների դադարեցմամբ։

Բանաձևով Եվրախորհրդարանը նաև Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների վերաբերյալ վճիռները և դատապարտել է արտերկրում բնակվող քննադատների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների անդրսահմանային ճնշումները։

Եվրոպական խորհրդարանը նախկինում ևս բազմիցս պահանջել է Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Նման պահանջներ ներառվել են 2021-ի, 2023-ի, 2024-ի, 2025 և 2026 թվականների այլ բանաձևերում։ Բաքվում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա  կամ ցմահ ազատազրկման։

Leave a Comment