Անկարան հարձակողական գործողությունների համար զորքեր չի ուղարկի այլ երկրներ․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Մեքքայի դաշինքը» կրում է բացառապես պաշտպանական նշանակություն, և Անկարան չի մտադիրվում իր զինված ուժերը տեղակայել այլ երկրներում՝ հարձակողական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, փոխանցել են թուրքական լրատվամիջոցները։

«Ես հստակորեն հայտարարում եմ, որ այս համաձայնագիրը միայն պաշտպանության համար է։ Երբ այս համաձայնագիրը ստորագրած երկիրը հարձակման է ենթարկվում, դուք պետք է կանգնեք նրա կողքին և պաշտպանեք այն։ Սա հարձակման համաձայնագիր չէ։ Թուրքիան զորքեր չի ուղարկի մեկ այլ երկիր՝ հարձակման համար»,- ընդգծել է Ֆիդանը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի փոխանցմամբ՝ համաձայնագրի շրջանակներում գործընկերությունը շարունակում է զարգանալ։ Առաջիկայում ռազմական պատվիրակությունները կհստակեցնեն Սաուդյան Արաբիայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պաշտպանական միջոցառումները, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի հնարավոր մասնակցության ծավալները։

Ֆիդանը նշել է, որ Սաուդյան Արաբիան արդեն իսկ տիրապետում է զգալի ռազմատեխնիկական ենթակառուցվածքների, սակայն կողմերը պետք է համատեղ պլանավորեն և իրականացնեն հետագա քայլերը։

Անդրադառնալով տարածաշրջանային էսկալացիային՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Անկարան գործադրում է բոլոր ջանքերը՝ ճգնաժամը խաղաղության և երկխոսության միջոցով կարգավորելու համար։ Նա հավելել է, որ թուրքական կողմը հուսիների հարձակումները դիտարկում է Իրան-ԱՄՆ հակամարտության ավելի լայն համատեքստում՝ փորձելով գնահատել հնարավոր քաղաքական զարգացումները։

 

Leave a Comment