Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը և առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունները, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի ինտենսիվ շփումները՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն համագործակցության հագեցած օրակարգ։
Նրանք համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, ինչպես նաև ընդգծել են նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների անհրաժեշտությունը։
Աշխատակազմից հավելում են, որ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել էր տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։ 2025 թվականի օգոստոսին Փեզեշքիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ երկուստեք համաձայնել են հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
