Ովքե՞ր կընդգրկվեն Երևանի թիվ 182 ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդում

Կառավարությունն առաջարկում է փոխել Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Եթե ներկայում խորհրդի 7 անդամից 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներն են, ապա նախագծով նրանց փոխարեն նախարարի առաջադրմամբ խորհրդում կընդգրկվի 4 անդամ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի հիմնադրամի կանոնադրության մեջ և վերանայել հոգաբարձուների խորհրդի կազմը։

Ինչպիսի՞ն է խորհրդի գործող կազմը

ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 1010-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն՝ դպրոցի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 7 անդամից։

Գործող կարգավորմամբ խորհրդում ընդգրկված են՝

  • 1 անդամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,
  • 4 անդամ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից,
  • 1 անդամ՝ մանկավարժական կազմից,
  • 1 անդամ՝ ծնողական խորհրդից։

Նախագծի հեղինակները նշում են, որ այս կազմի պայմաններում պետությունը՝ որպես հիմնադրամի հիմնադիր, խորհրդում ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք, ինչն անհամաչափ է դարձնում պատասխանատվության և վերահսկողության բաշխումը։

Ի՞նչ է առաջարկվում փոխել

Նախագծով առաջարկվում է խորհրդի 7 անդամներից կազմված կառուցվածքը պահպանել, սակայն փոխել անդամների ներկայացվածությունը։

Նոր կազմը կլինի հետևյալը՝

  • 4 անդամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջադրմամբ,
  • 1 անդամ՝ Երևանի քաղաքապետարանից,
  • 1 անդամ՝ մանկավարժական կազմից,
  • 1 անդամ՝ ծնողական խորհրդից։

Խորհրդի անհատական կազմը կհաստատի ՀՀ վարչապետը՝ ԿԳՄՍ նախարարի ներկայացմամբ։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է խորհրդում նախարարի առաջադրմամբ անդամների թիվը մեկից հասցնել չորսի, ինչպես նաև խորհրդի կազմում ներառել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ։

Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգին անցմամբ և դպրոցներում միասնական չափանիշների ներդրմամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական փոփոխություններով տարանջատվել են դպրոցի ուսումնական և վարչատնտեսական գործառույթները։ Ուսումնական տնօրենը պատասխանատու է կրթության որակի, մեթոդաբանության, ուսուցիչների մասնագիտական զարգացման և դաստիարակչական հարցերի համար, իսկ վարչատնտեսական գործընթացները ներառում են բյուջեի, շենքային պայմանների, գնումների և տնտեսական խնդիրների կառավարումը։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ կառավարման այս համակարգում անհրաժեշտ է, որ խորհրդի կազմում լինեն ինչպես կրթական քաղաքականության, այնպես էլ ֆինանսական կառավարման ոլորտների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ ունեցող անդամներ։

Ի՞նչ լիազորություններ ունի հոգաբարձուների խորհուրդը

Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդը հաստատում է դպրոցի ռազմավարական և տարեկան ծրագրերը, բյուջեն, կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Խորհուրդը նաև սահմանում է տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները և ընտրում տնօրենին։

Հետևաբար խորհրդի կազմը կարևոր նշանակություն ունի դպրոցի կառավարման, ֆինանսական պլանավորման և կրթական գործընթացի կազմակերպման հարցերում որոշումների կայացման համար։

Նախագծի հեղինակները կարծում են, որ խորհրդի կազմի փոփոխությունը կնպաստի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։

Նախատեսվո՞ւմ են լրացուցիչ ծախսեր

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, և պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում։

Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է։ Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքով սահմանված կարգով ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո,-տեղեկացնում է Iravaban.net–ը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment