Մալայզիայի իշխանությունները որոշել են ուրբաթ օրը ժամանակավորապես փակել դպրոցները երկրի մի շարք նահանգներում, մայրաքաղաք Կուալա Լումպուրում և Պուտրաջայա վարչական կենտրոնում: Պատճառը հարևան Ինդոնեզիայից թափանցած թանձր ծուխն է, որն առաջացել է լայնամասշտաբ անտառային հրդեհների հետևանքով:
Ուրբաթ առավոտյան Մալայզիայի 37 շրջաններում օդի աղտոտվածության ինդեքսը գնահատվել է «անառողջ» (101-200 միջակայքում):
Ինդոնեզիայի տարբեր նահանգներում բռնկված հրդեհների պատճառով թանձր ծխամշուշը պատել է նաև Սինգապուրը:
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտնել է, որ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ ճգնաժամի դեմ համատեղ պայքարելու շուրջ: Մալայզիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ջակարտային և նախաձեռնել է ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների արտահերթ հանդիպում՝ տարածաշրջանային մակարդակով հակազդման քայլերը համակարգելու նպատակով:
