Ֆրանսիայում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչից հետո իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել։
Ինչպես հայտնում է Le Monde-ը, այս մասին տեղեկացնում են աղբյուրները։
Տեղեկությունների համաձայն՝ Փարիզի Բաստիլի հրապարակի իրավիճակը երեկոյան ժամերին սրվում է։ Ամենալարված իրավիճակը եղել է Բոմարշե բուլվարում և օպերային թատրոնի հարևանությամբ։ Ցուցարարներից ոմանք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների շղթայի ուղղությամբ։
Նշվում է, որ ոստիկանությունը սկսել է մաքրել հրապարակի կենտրոնական հատվածը՝ կիրառելով արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 48 աշխատակից։ Գերատեսչության ամփոփագրի համաձայն՝ հոկտեմբերի 8-ի ցույցերին մասնակցել է 71 500 մարդ, այդ թվում՝ 24 500-ը՝ Փարիզում։ Ձերբակալվել է 504 մարդ։