ԱՄՆ-ում 13 զինվորականի սպանած նախկին հոգեբույժի մահապատիժը կհեռարձակվի

ԱՄՆ-ում 13 զինվորականի սպանած նախկին հոգեբույժի մահապատիժը կհեռարձակվի

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանրությունը կարող է հետևել 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում 13 ամերիկացի զինվորի սպանած նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիք Հասանի մահապատժին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ի կատար ածել Հասանի մահապատժի վճիռը:

«Մենք կհոգանք, որ մարդիկ կարողանան տեսնել դա, որպեսզի դա հասանելի լինի հանրության համար։ Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողություններին հետևում են լուրջ հետևանքներ»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։

Հեգսեթը Real America’s Voice պահպանողական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հասանին «գնդակահարելու են զինվորները: Այդպես էլ պետք է լինի»:

BBC-ն դիմել է Սպիտակ տանը՝ մեկնաբանություն ստանալու համար, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է հանրային մահապատժի ուղիղ հեռարձակմանը:

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտպանության նախարարն արել է նման առաջարկություն, և Թրամփը հավանություն է տվել դրան:

Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում: Դա կլինի ռազմական առաջին մահապատիժը գնդակահարության միջոցով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:

Հասանը հարձակումն իրականացրել էր Ֆորտ Հուդ ռազմաբազայում՝ Աֆղանստան ծառայության մեկնելուց մի քանի շաբաթ առաջ: Նա կրակ էր բացել զինվորների ուղղությամբ մարդաշատ բժշկական կենտրոնում, որտեղ զինծառայողները սպասում էին բուժզննման և պատվաստումների:

Դատարանում Հասանը ներողություն է խնդրել «բոլոր սխալների» համար: 2013 թվականի ռազմական տրիբունալի ընթացքում իսլամ դավանող Հասանն ասել էր, որ, իր կարծիքով, պաշտպանում էր Աֆղանստանի մուսուլմաններին և թալիբներին:

Leave a Comment