
ՈՒԵՖԱ-ի 55 անդամից 54-ը՝ բացառությամբ Ադրբեջանի, հաստատել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ իրենց վստահության կորուստը և կոչ են արել բարեփոխումների։
ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Բեռլինում կայացած իր կոնգրեսից հետո. «Վերջին ամիսներին հիմնարար փոփոխություններ պահանջելով՝ ՈՒԵՖԱ-ն և բոլոր ազգային ասոցիացիաները (բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի) համաձայնության են եկել ՖԻՖԱ-ի բարեփոխումների հստակ ուղղության շուրջ։
Ազգային ասոցիացիաները վերահաստատել են ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ իրենց վստահության կորուստը։ Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։ ՖԻՖԱ-ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող առաջնորդ, որը խորը արմատներ ունի ֆուտբոլում, ունի առաջնորդելու տեսլական և փորձ, տարածաշրջաններում վստահություն ներշնչելու կարողություն և անսասան նվիրվածություն զարգացմանը, բարեփոխումներին, ամբողջականությանը և անկախությանը։
«ՖԻՖԱ-ի բարեփոխումների և ապագա կառավարման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների և նրանց գործընկերների միջև ամբողջ համաշխարհային ֆուտբոլում»:
Նամակի հավելվածում թվարկված են ՈՒԵՖԱ-ի պահանջները ՖԻՖԱ-ից՝ պարչտականությունների տարանջատում, ՖԻՖԱ-ի խորհրդի դերի ամրապնդում, կոմիտեների արդյունավետացում («որպեսզի դրանք ունենան հստակ նպատակ և իրական արժեք»), նախագահի նշանակում, որը «ղեկավարում է, այլ ոչ թե կառավարում», խաղերի օրացույցի վերաբերյալ միակողմանի որոշումների դադարեցում, ՖԻՖԱ-ի ռեսուրսների անձնական կամ ընտրական նպատակներով օգտագործման արգելք և այլն։