Փաշինյանը Թուրքմենբաշիում հանդիպել է Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հետ

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստան ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Միրզիյոևի հետ առանձնազրույցում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, մասնավորապես առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը։ Երկուսն էլ կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության զարգացումը։

Բերդիմուհամեդովի հետ առանձնազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել և խորացնել քաղաքական ու առևտրատնտեսական կապերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների այլ հարցեր։

Leave a Comment