«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ԵՄ-ում գրանցված դեղերը ՀՀ-ում ճանաչել մեկ շաբաթում

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով Եվրամիության անդամ երկրներում գրանցված դեղերը Հայաստանում կարող են ճանաչվել պարզեցված կարգով՝ առավելագույնը յոթ օրում։ Նախագծի հեղինակների հաշվարկով՝ նոր մեխանիզմը թույլ կտա Հայաստանում գրանցել առնվազն ևս 8000 դեղ, խթանել մրցակցությունը և նվազեցնել գները։

Խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու որոշումը կայացրել է հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 7-ին «Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը ներկայացրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նախագծի հիմնական զեկուցողը պատգամավոր Հարություն Հարությունյանն է։

Նախագծով առաջարկվում է օրենքում ներմուծել «ճանաչման գրանցում» և «թղթային փորձաքննություն» հասկացությունները։ ԵՄ-ում արդեն գրանցված դեղերի համար կրկնակի գիտական փորձաքննություն չի պահանջվի․ կստուգվեն միայն փաստաթղթերը և դեղի նույնականությունը։ Ճանաչման գրանցման առավելագույն ժամկետը կլինի 7 օրացուցային օր, որից թղթային փորձաքննությանը կհատկացվի մինչև 5 օր։ Հիմնավորման մեջ ասված է, որ մեխանիզմի էությունը ոչ թե ավելի արագ փորձաքննությունն է, այլ կրկնակի գիտական գնահատման բացակայությունը։

Ներկայում Հայաստանում դեղի գրանցման առավելագույն ժամկետը 150 օր է, իսկ պարզեցված ընթացակարգով՝ 31 օր։ Նախագծի հեղինակների խոսքով՝ գործող պարզեցված ընթացակարգից քիչ են օգտվում․ 2024 թվականին դրանով հայտ է ներկայացվել ընդամենը 92 դեղի համար, քանի որ այն դեռ պահանջում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ և փորձաքննության հաշվետվություն։

Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 3997 անվանում դեղ, մինչդեռ Վրաստանում՝ 11 050։ Վրաստանը 2025 թվականին ներմուծել է 870,4 մլն դոլարի դեղ՝ 4,4 անգամ ավելի, քան Հայաստանը (194,5 մլն դոլար), թեև Վրաստանի բնակչությունը Հայաստանինից ավելի է ընդամենը 27%-ով։ Հեղինակները տարբերությունը կապում են նաև Հայաստանի դեղագործական շուկայի փոքր ծավալի հետ, որը մեծ հետաքրքրություն չի ներկայացնում արտադրողների և ներմուծողների համար։

Ճանաչման գրանցման հայտ կարող է ներկայացնել ինչպես հայտատուն, այնպես էլ Հայաստանում մեծածախ իրացման լիցենզիա և «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր ունեցող մատակարարը։ Վերջինիս կփոխանցվեն գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։ Հայտին կցվում են ԵՄ երկրում գրանցումը հավաստող փաստաթուղթը, փաթեթների նմուշները, բժշկական կիրառման հրահանգը և ներդիր-թերթիկը։

Ճանաչման գրանցումը կմերժվի, եթե դեղի նույնականությունը չհաստատվի, ներկայացված տվյալը կեղծ լինի կամ պաշտոնական աղբյուրով չհաստատվի, կամ եթե ԵՄ կարգավորող մարմինն անվտանգության նկատառումով սահմանափակել կամ արգելել է դեղի շրջանառությունը։ Ճանաչման գրանցումը հինգ տարի հետո հնարավոր կլինի երկարաձգել նույն թղթային փորձաքննության ընթացակարգով։

Ճանաչման համար առաջարկվում է գանձել բազային տուրքի 50-ապատիկի չափով պետական տուրք՝ 50 հազար դրամ։ Հեղինակների հաշվարկով՝ դա կավելացնի բյուջեի եկամուտները, իսկ լրացուցիչ ծախսեր չի պահանջի։

Օրենսդրական նախաձեռնության մասին հոկտեմբերի 8-ին պատմել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Խմբակցության հաղորդմամբ՝ Շիմեկը խոստացել է նախագծի մասին տեղեկությունը փոխանցել Եվրոպայի խորհրդի՝ դեղերի որակի և գրանցման հարցերով զբաղվող կառույցներին։

Leave a Comment