Զոհվածների հարազատները «Ուժեղ Հայաստանի» հետ քննարկել են ԴՆԹ ստուգումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում երկու հանդիպում են անցկացրել զոհվածների և անհետ կորածների հարազատների հետ՝ քննարկելով Արցախից աճյունների արտաշիրիմումն ու տեղափոխումը, ԴՆԹ նույնականացման արդյունքների ստուգումը և միջազգային միջնորդների ներգրավումը։

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկել է մի քանի նմուշի անկախ հետազոտություն կազմակերպել արտասահմանյան լաբորատորիայում, իսկ պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ օրենսդրորեն կարգավորել պատերազմի պայմաններում զոհված քաղաքացիական անձանց կարգավիճակի հարցը։

Արտաշիրիմում և աճյունների տեղափոխում

Զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ, որի ուղիղ հեռարձակումը վարել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը, հիմնական թեմաներից մեկը եղել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհվածների մարմինների արտաշիրիմումը։

Հարազատների խոսքով՝ խոսքը 51 մարմնի մասին է։ Դրանց մոտ կեսը գտնվում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, մնացածը՝ Արցախի տարբեր շրջաններում։

Հանդիպման մասնակիցները պատմել են, որ 2023–2024 թվականներին խմբեր էին կազմվում Արցախ մեկնելու համար, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արտաշիրիմելու նպատակով, սակայն մեկնումները մի քանի անգամ հետաձգվել են, իսկ աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։

Հանդիպումից հետո հարազատները ճեպազրույցով են հանդես եկել։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Արցախի վրա Ադրբեջանի 2023 թվականի հարձակման ժամանակ երկու եղբայր կորցրած Բելա Գալստյանը հայտնել է, որ ընտանիքները բազմիցս դիմել են վարչապետին, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), սակայն չեն ստացել բացատրություն, թե ինչու գործընթացը չի իրականացվում։

Նրա խոսքով՝ դիմումները վերահասցեագրվել են ԱԱԾ։

Ավելի ուշ հարազատներին հայտնել են, որ գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովն արտաշիրիմելու հարցով զբաղվելու մանդատ չունի։ Թե որ գերատեսչության իրավասության շրջանակում է այդ հարցը, Գալստյանի խոսքով՝ իրենց այդպես էլ չեն պարզաբանել։

Առանձին քննարկվել է նաև 2023 թվականին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների կարգավիճակի հարցը։ Հարազատների խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 219 մարդ, ևս 22-ը համարվում են անհետ կորած։

Հովսեփյանը հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ պատերազմի պայմաններում զոհված քաղաքացիական անձանց համար առանձին կարգավիճակ սահմանելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ գործող օրենսդրությունն այս հարցի անհրաժեշտ կարգավորումը չի ապահովում։

«Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը, որը հարազատների հետ կառավարության և ԱԺ-ի մոտ ակցիաներ է անցկացրել, պատգամավորներին կոչ է արել միջազգային աջակցություն ներգրավել արտաշիրիմելու և անհետ կորածների որոնման հարցերում, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ադրբեջանցիների գերեզմանների տեղանքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջին՝ նա առաջարկել է Երևանին Բաքվից պահանջել տեղեկություններ հայ անհետ կորածների գերեզմանների տեղանքի մասին։

ԴՆԹ կրկնակի հետազոտություններ

Մյուս հանդիպմանը՝ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, քննարկվել են նրանց որոնման, աճյունների նույնականացման և միջազգային դատական ատյաններում ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերը։

Փաստաբան և անհետ կորած զինծառայողի հարազատ Տաթևիկ Սողոյանն առաջարկել է նրանց ճակատագրերը պարզելու գործընթացում ներգրավել երրորդ կողմի, օրինակ՝ ԿԽՄԿ-ին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկկողմ շփումներն անհրաժեշտ արդյունքը չեն տալիս։

Հարազատները նաև կասկածներ են հայտնել ԴՆԹ նույնականացման արդյունքների հավաստիության վերաբերյալ։ Սողոյանը ենթադրել է, որ սխալներ կարող էին առաջանալ մարտական գործողությունների վայրերից աճյունները հավաքելու ընթացքում։

Leave a Comment