Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ ատոմային էներգետիկայում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու և Հրազդանում Firebird AI տվյալների կենտրոնն ընդլայնելու Հայաստանի ծրագրերը կարող են լրացուցիչ ռիսկեր ստեղծել երկրի էներգահամակարգի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անդրադառնալով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման քննարկումներին՝ Շևցովը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հնարավորությունները փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը արտերկրում նման ոչ մի ռեակտոր չի կառուցել, իսկ Ֆրանսիան, ռուս պաշտոնյայի պնդմամբ, համապատասխան տեխնոլոգիաներ չունի։ Որպես այլընտրանք նա նշել է «Ռոսատոմը», որը, իր խոսքով, ներկայում արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։
Շևցովի խոսքով՝ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանն (ԱԷԿ) ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Նրա կարծիքով՝ էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը կաճի նաև Firebird AI-ի ծրագրերի պատճառով․ ընկերությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջ Հրազդանի տվյալների կենտրոնի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի։
Ըստ Շևցովի գնահատման՝ դա Հայաստանի էներգահամակարգի ձմեռային գագաթնային ծանրաբեռնվածության գրեթե մեկ քառորդն է, որը նա գնահատում է 1,3 ԳՎտ։ Նրա կարծիքով՝ օբյեկտի աշխատանքի համար կպահանջվեն լրացուցիչ էներգահզորություններ, և հեռանկարում դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի։
Շևցովը տվյալների կենտրոնն անվանել է ավելորդ Հայաստանի ներքին կարիքների համար՝ հղում անելով 2024 թվականից գործող երևանյան OVIO տվյալների կենտրոնին։ Նա նաև հայտարարել է, որ Firebird-ը՝ որպես ամերիկյան ընկերություն, ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը և ենթադրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մուտք ունենալ մշակվող տվյալներին։
Firebird AI նախագիծն իրականացվում է Հայաստանի կառավարության և NVIDIA-ի մասնակցությամբ։ Ընկերության արհեստական բանականության գործարանը Հրազդանում պաշտոնապես բացվել է 2026-ի օգոստոսին։ Առաջին փուլում դրա հզորությունը մոտ 18 ՄՎտ է, իսկ հետագայում ընկերությունը հայտարարել էր օբյեկտի զգալի ընդլայնման ծրագրերի մասին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերին օբյեկտի հնարավոր հետախուզական նշանակության մասին պնդումներն անվանել էր քաղաքականացված՝ նշելով, որ առանց հաստատող փաստերի դրանք մնում են ենթադրություններ։
