Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Անն Քարսոնին – armeniatoday.am

Կանադացի բանաստեղծ, գրող և թարգմանիչ Անն Քարսոնը դարձել է 2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնել է Շվեդական ակադեմիան։

Քարսոնը մրցանակին արժանացել է «իր համարձակ և նորարարական ստեղծագործության համար, որը դասական ավանդույթի հետ աշխույժ խաղային երկխոսության մեջ ստեղծել է ժամանակակից գրականության նոր ձևեր»։

Ակադեմիայի գնահատմամբ՝ Քարսոնի գրեթե ամբողջ ստեղծագործությունը կենտրոնացած է բանասերի՝ բառերի հանդեպ մոլուցքի և բանաստեղծի՝ նոր իմաստների ձգտման հատման կետում։ 76-ամյա Քարսոնը խաղադրույքներ ընդունող ընկերությունների գնահատմամբ այս տարվա ֆավորիտների թվում էր։

Քարսոնը ծնվել է 1950 թվականին Տորոնտոյում։ Նա բանաստեղծ է, էսսեիստ, թարգմանիչ և դասական բանասիրության մասնագետ։ Քարսոնը սովորել է Տորոնտոյի համալսարանում, որտեղ ստացել է նաև դոկտորի աստիճան, այնուհետև դասավանդել է Կանադայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում՝ այդ թվում Մակգիլի, Միչիգանի, Նյու Յորքի և Փրինսթոնի։ 

Քարսոնի ստեղծագործության առանցքային թեմաներից է անտիկ գրականության և դիցաբանության վերաիմաստավորումը։ Նրա ամենահայտնի գործերից է 1998 թվականին լույս տեսած Autobiography of Red («Կարմիրի ինքնակենսագրությունը») չափածո վեպը, որտեղ Հերակլեսի և Գերիոնի մասին հին հունական առասպելը տեղափոխվում է ժամանակակից միջավայր։

Նրա հայտնի գործերից են նաև Eros the Bittersweet, The Beauty of the Husband, Nox, Red Doc և Norma Jeane Baker of Troy ստեղծագործությունները։ Վերջինում՝ 2019 թվականի ներկայացման տեքստում, Եվրիպիդեսի «Հեղինե» պիեսի հերոսուհու պատմությունը միահյուսված է Մերիլին Մոնրոյի կյանքին։

Քարսոնը նաև թարգմանել է հին հունական հեղինակների, այդ թվում՝ Սապֆոյի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ստեղծագործությունները։ Ակադեմիայի խոսքով՝ նրա թարգմանությունները կարելի է դիտարկել որպես ինքնուրույն ստեղծագործություններ։

Այս տարի Նոբելյան մրցանակի դրամական մասը կազմում է 12 մլն շվեդական կրոն՝ մոտ 1,2 մլն դոլար։ Մրցանակը Քարսոնին կհանձնվի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։

Անցյալ տարի գրականության Նոբելյան մրցանակին արժանացել էր հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային։

Leave a Comment