Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին, հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ)։
Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ծանոթացել են ոլորտի վերաբերյալ միմյանց տեսակետներին։
Հանդիպմանը որոշվել է, որ երկու երկրների պատկան մարմինները ծրագիրն առաջ մղելու համար կփոխգործակցեն գործողությունների համակարգման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է TRIPP-ի իրականացման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, և որ նավթամուղի, գազամուղի կառուցման, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ են ընթանում։ Ավելի վաղ նա ասել էր, որ TRIPP-ի շրջանակում ամենաարագը նախատեսվում է շահագործման հանձնել էլեկտրահաղորդման գծերը։ TRIPP-ի մասին հռչակագիրը ստորագրվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
