Գլխավոր դատախազությունը (ԳԴ) սեպտեմբերի 29-ին դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում (նախկին հասցեն՝ Մովսես Խորենացու փողոց 43) գտնվող նախկին «Այրարատ» կինոթատրոնի շենքի վրա, հայտնել է գերատեսչությունը։
Դատախազության տվյալներով՝ շենքը սեփականաշնորհած ներդրողը պետք է մինչև 2017 թվականի հունվարի 14-ը դրանում ներդներ ավելի քան 1,5 մլն դոլարին համարժեք շուրջ 600 միլիոն դրամ, սակայն դա չի արել։
Պատասխանողներն են Պետական գույքի կառավարման կոմիտեն, ինչպես նաև մեկ ՍՊԸ և մեկ ՓԲԸ, որոնց անվանումները դատախազությունը չի հրապարակել։ Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 5-ին հայցն ընդունել է վարույթ։
Նույն օրը դատարանը ՍՊԸ-ին արգելել է կատարել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել շենքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության։ Բռնագանձում տարածելու պահանջի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
«Ռոսիա» անունով կինոթատրոնը բացվել է 1974 թվականին և համարվում է Երևանի մոդեռնիստական ճարտարապետության ամենահայտնի օրինակներից մեկը։ Այն նախագծել են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը և Հրաչյա Պողոսյանը, որոնք 1979 թվականին այդ նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի։
