«Ռադիո Արաքս»․ օվկիանոսից այն կողմ հնչող հայկական ձայնը․ ուրուգվահայ Դիեգո Կարամանուկյանի պատմությունը․ «Սփյուռքի ձայնը»

1993 թվական։ Ցուրտ, մութ ու պատերազմական Երևան։ Հեռավոր Ուրուգվայից Հայաստան է ժամանում 18-ամյա մի պատանի, ով հազիվ մի քանի բառ գիտի հայերեն, բայց երակներում կրում է Զեյթունի, Էրզրումի ու Ադանայի արյունը։ Տասնմեկ օր անց նա Մոնտեվիդեո է վերադառնում արդեն անդառնալիորեն «սիրահարված» մի երկրի, որը դառնալու էր իր կյանքի գլխավոր առաքելությունը։

Այդ պատանին Դիեգո Կարամանուկյանն էր, ով տարիներ անց պիտի դառնար Ուրուգվայի ամենաազդեցիկ հայկական ձայներից մեկի՝ «Ռադիո Արաքս» ժամի ղեկավարն ու հոգին։

«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի եթերում Դիեգոն բացահայտում է ոչ միայն Սփյուռքում հայապահպանության դառն իրականությունն ու գեղեցկությունը, այլև ռադիոյի այն առեղծվածային ուժը, որը չի կարող փոխարինել ոչ մի ալգորիթմ։

Ավելին, քան պարզապես լրատվություն

Սփյուռքում ռադիոն վաղուց դադարել է լինել միայն լուրեր հաղորդելու հարթակ։ Այն համայնքային կյանքի ողնաշարն է, անտեսանելի թելը, որով կապվում են մայրցամաքները։

«Սփյուռքի մեջ ռադիոն միայն լրագրություն չէ. անիկա և՛ ձայն է, և՛ դեմք է,- ասում է Դիեգոն։- Տարբեր միություններու համեմատ՝ ռադիոն ամեն շաբաթ-կիրակի տուներ կմտնէ ու տուներէն դուրս կելնէ՝ առանց արտոնություն խնդրելու։ Ցանկացած աներևակայելի բան կրնա ռադիոյեն անցնել»։

Եվ այդ «աներևակայելին» երբեմն վերածվում է ճակատագրերի։ «Ռադիո Արաքսի» միջոցով Ուրուգվայում ապրող հայերը գտնում են Հայաստանում կորած իրենց ազգականներին, կազմակերպվում են տուրեր դեպի հայրենիք։ Իսկ ինքը՝ Դիեգոն, 2022-ին նման մի խմբով Հայաստան գալով և Գյումրի այցելելով, հանդիպում է իր ապագա կնոջը․ այսօր նրանք արդեն դուստր ունեն՝ Նանեն։ Ռադիոն նրա համար միայն աշխատանք չեղավ, այն դարձավ ընտանիք ու կյանք։

Ողջ մնալ արհեստական բանականության դարում

Այսօր, երբ սոցիալական ցանցերը խոստանում են անսահմանափակ լսարան, Դիեգո Կարամանուկյանը հիշեցնում է վստահության գնի մասին․ «Լրագրողը այն մարդն է, որ արհեստական չէ։ Կենդանի լրագրողը ուր որ ըլլա, մարդիկ կհետևին։ Եթե ռադիոյի ետև չկա հարգված, վաստակ ունեցող մարդ-լրագրող՝ որակ չի կրնար ըլլալ։ Սոցցանցի էջը կարող են մի ակնթարթում գողանալ, բայց այն վստահությունը, որ տասնամյակներով տրվել է ռադիոյին, անհնար է խլել»։

Հատկապես այսօր, երբ մարդիկ մեքենա են վարում Մոնտեվիդեոյի փողոցներով, նրանք չեն կարող նայել էկրաններին. նրանք միացնում են ռադիոն և լսում հայկական երաժշտությունն ու խոսքը։

Իլյուզիաներից անդին․ Սփյուռքի լուռ նահանջը

Զրույցի ամենացավոտ, բայց ամենաազնիվ հատվածը վերաբերում է Սփյուռքի ներկա վիճակին։ Դիեգոն խուսափում է կեղծ լավատեսությունից և բացահայտ խոսում է ճգնաժամի մասին․ «Հայկական վարժարանները գրեթե հայկական չեն այլևս։ Իմ օրոք դպրոցում 400 հայ աշակերտ կար, այսօր 200-ից հազիվ 25-30 տոկոսն է հայ։ Եկեղեցիները դատարկվում են, միությունները փակվում են։ Խնդիրը ոչ թե անմիաբանությունն է կամ բազմակուսակցականությունը, այլ այն, որ ուղղություն չկա»։

Ըստ նրա՝ պետք է դադարել Սփյուռքը դիտարկել որպես անսպառ ու միատարր զանգված։ Հայաստանն ու Սփյուռքը պետք է գործեն փոխլրացման սկզբունքով։

Արևմտահայերենը՝ որպես ապրող մասունք

Խոսելով մայրենիի մասին՝ ռադիոյի ղեկավարը հուզմունքով է հիշում զեյթունցի մեծ մորը, ումից ժառանգել է անմնացորդ հայրենասիրությունը։ Չունենալով ակադեմիական կրթություն՝ նա ինքնաշխատությամբ տիրապետել է լեզվին, որպեսզի կարողանա եթերից հնչեցնել արևմտահայերենը։

«Ես գիտեմ, որ սխալներ կրնամ ընել, բայց այսօր արևմտահայերենի պահպանումը միայն խոսքերով չի լինի։ Պետք է գործել։ Մեր հայերենը մեր դիմագիծն է»,- համոզված է Դիեգո Կարամանուկյանը։

Քանի դեռ օվկիանոսից այն կողմ՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, մեքենայի ղեկին նստած ուրուգվայահայը կարող է միացնել ընդունիչը և լսել մայրենի խոսքը, հայկական ինքնության զարկերակը շարունակելու է բաբախել։

Leave a Comment