Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հանձնաժողով է ստեղծվել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով։ N 998-Ա որոշումը ստորագրվել է հոկտեմբերի 8-ին։
Հանձնաժողովը կղեկավարի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը կլինի առողջապահության նախարարի տեղակալը։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ԱԳՄԱՆ, ԱԱԾ, ՆԳՆ և ՊԵԿ ղեկավարների տեղակալները, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը։
Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է։ Այն կքննարկի ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատումները, կհամաձայնեցնի տեղեկատվության փոխանակումը և մարմինների կանխարգելիչ գործողությունները, կներկայացնի պատրաստվածության և անհրաժեշտության դեպքում արձագանքման վերաբերյալ առաջարկություններ։
Որոշման համաձայն՝ ժանտախտի ներբերման վտանգի մասին տեղեկություն, կասկածելի կամ հաստատված դեպք կամ միջազգային պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում հանձնաժողովի հրատապ նիստը պետք է գումարվի առավելագույնը երկու ժամվա ընթացքում՝ անկախ օրվանից։ Ընդ որում, հիվանդության հաստատված դեպքը կամ վերջնական լաբորատոր արդյունքը նիստի գումարման նախապայման չէ։
Հանձնաժողովի որոշումները չեն փոխարինում իրավասու մարմինների ակտերին։ Կարանտինը, տեղաշարժի կամ գործունեության սահմանափակումները և մեկուսացումը կարող են կիրառվել միայն օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան մարմնի կամ դատարանի ակտով։
Հանձնաժողովի առաջին նիստը պետք է գումարվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում։
