«Գուստավ» սրճարանի նախկին մենեջերի վերաբերյալ քրվարույթ է նախաձեռնվել

Երևանի սրճարաններից մեկի նախկին մենեջերի կողմից առերևույթ հանցանք կատարելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)՝ անդրադառնալով «Գուստավ» սճրարանի կանանց սանհանգույցում ենթադրյալ գաղտնի նկարահանման դեպքին։

Վարույթը ՔԿ-ում նախաձեռնել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածի հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 204-րդ հոդված, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարի ժամկետով-խմբ․):

ՔԿ-ից հավելել են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ 

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Armenia Today-ը, անանուն նամակ էին ստացել «Գուստավ» ռեստորանի կանանց սանհանգույցում հնարավոր գաղտնի նկարահանումների վերաբերյալ։

Նամակում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ մի կին հայտնել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել էր կանանց սանհանգույցի լվացարանի տակ՝ այցելուներին գաղտնի նկարահանելու նպատակով։ Ըստ նույն տեղեկությունների՝ կինը հայտնաբերել էր հեռախոսը և առերեսվել մենեջերի հետ, որն ընդունել էր, որ հեռախոսն իրեն է պատկանում։

Դեպքի վերաբերյալ պարզաբանում էր տարածել նաև «Գուստավը»՝ հայտնելով, որ իրավիճակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո մենեջերն ազատվել է աշխատանքից։

«Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց՝ իրավապահ մարմիններին դիմելու հարցում»,- նշել էին սրճարանից։ 

Սրճարանից ընդգծել են նաև, որ հասկանում են հանրության անհանգստությունն ու դժգոհությունը և լրջորեն են վերաբերվում իրավիճակին՝ ընդգծելով այցելուների անվտանգության ու անձնական տարածքի նկատմամբ հարգանքի կարևորությունը։

Դեպքին ավելի վաղ անդրադարձել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա, վկայակոչելով ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին, հայտնել էր, որ ոստիկանությում փաստաթղթեր են կազմվել, և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Leave a Comment