Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան

Շաքիում հայտնաբերված և կալանավորված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց՝ ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում հանցագործություն է կատարել:

«Մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։ Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արել է, թե՝ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել»,- Ասաց նա։

Փաշինյանը միաժամանակ շեշտեց՝ եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ հայկական կողմը նույն օրը նրան կվերադարձներ։

«Ինքն արդեն պրոբլեմ է, բայց չեմ կարծում, որ սա ինչ-որ ձևով կվտանգի խաղաղության գործընթացը»,- նշեց նա՝ հավելելով, որ խաղաղությունն արդեն հաստատված է։

«Մենք Շաքիի միջադեպը թերագնահատելու ոչ մի միտում չունենք, բայց խորհրդարանի երեկվա քննարկումից սարսափած եմ, որովհետև, Աստված չանի, եթե մեր զինվորը շփոթված անցնի Ադրբեջան, այդ գնահատականների արձագանքը տեսնելու ենք, իսկ հետո ասել են՝ սա՞ էր խաղաղությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով չկորցնել ադեկվատությունը։

Leave a Comment