«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը ՀՀ կժամանի․Փաշինյանը հայտնել է օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ քննարկում անցկացնել, այդ թվում՝ Ախուրիկի և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնման հարցերի շուրջ։ Բելոզյորովը, նրա խոսքով, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան։

Այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Երևանը շարունակո՞ւմ է դիտարկել Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնմանը ռուսական կողմի հնարավոր մասնակցությունը, այն բանից հետո, երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կրկին հայտարարել է այդ հարցում Հայաստանին աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։

«Երկաթուղու հետ կապված մենք ԵԱՏՄ նախորդ նիստին պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ղազախական ընկերություն։

«Տարբեր հարցեր կա, կքննարկենք»,- հավելել է վարչապետը։

Կարդացեք նաև՝ 

Օվերչուկը պատասխանել է Փաշինյանի՝ երկաթուղու մասին հայտարարություններին

Վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վաճառել երկաթուղին Հայաստանում շահագործելու իրավունքը

 

Leave a Comment