Ֆրանսիայում լիցեյների աշակերտների բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր տուժել է 1065 մարդ՝ աշակերտներ, կրթության ոլորտի աշխատակիցներ և իրավապահներ, հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նրա տվյալներով՝ վնասվածքներ են ստացել ոստիկանության և ժանդարմերիայի 761 ծառայող, 215 աշակերտ և կրթության ոլորտի 89 աշխատակից։ Բերման ենթարկվածների թիվը հոկտեմբերի 6-ի երեկոյի դրությամբ հասել է 6629-ի։
Աշակերտները, արհմիությունների տվյալներով, բողոքում են, ուսման պայմանների վատթարացման դեմ՝ ուսուցիչների պակասի, գերբեռնված դասարանների, խարխուլ շենքերի և ծանրաբեռնված դասացուցակի։
Նունյեսը հերքել է «ոստիկանական բռնաճնշումների» մասին մեղադրանքները՝ ընդգծելով, որ իրավապահները պետք է սպառնալիքին համաչափ ուժ կիրառեն։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը միջամտում է բռնության և գույքի վնասման դեպքերում, ոչ թե խաղաղ ցուցարարների դեմ։ Նախարարը հայտնել է նաև Ազգային ոստիկանության գլխավոր տեսչություն (IGPN) ներկայացված 18 դիմումի մասին։
Միաժամանակ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) կասեցրել է աշակերտների բողոքի ցույցերի ժամանակ խլացնող նռնակների կիրառումը։ Որոշմանը նախորդել է Լանս քաղաքում տեղի ունեցած դեպքը, երբ նռնակի պայթյունի հետևանքով 15-ամյա պատանին կորցրել է ձեռքի դաստակը։
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ հոկտեմբերի 6-ին ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 266 հազար մարդ։ Կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 450 հազար։
Տուժածների մասին հաղորդումների ֆոնին ձախակողմյան կուսակցությունները պահանջել են Նունյեսի հրաժարականը։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն նույնպես հերքել է ոստիկանական բռնաճնշումների մասին մեղադրանքները։
Սեպտեմբերի 28-ին ավագ դպրոցների մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների և շրջափակումների ընթացքում բերման է ենթարկվել 164 մարդ։ Ակցիաներն ընդգրկել են երկրի շուրջ 180 ուսումնական հաստատություն։
