ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը․ ԶԼՄ

Իշխանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում դիտարկում է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նախկինում զբաղեցրել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։ Թերթի տվյալներով՝ Դենիս Ջորկաեֆը հայերեն չի խոսում։

Պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ ժողովում ընտրվելու են ֆեդերացիայի նոր նախագահն ու գործադիր կոմիտեն։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսին հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու տարբերակը։ Մինչ այդ Հավաքականի երկրպագուները մի քանի անգամ ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով նրա հեռացումը։ Մելիքբեկյանի հեռացման պահանջով դժգոհությունների ալիք էր սկսվել հատկապես 2025 թվականի մարտին, երբ 1։6 հաշվով Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո  Հայաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին  խաղադաշտ, իսկ տրիբունաներում բախումներ էին սկսվել։

ՀՖՖ նախագահի հրաժարականին էին միացել  նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շարք ակումբներ։

ԶԼՄ-երը հուլիսին գրել էին, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներակայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի անունները։

ՀՖՖ փոխնախագահի պաշտոնի համար, ըստ «Հրապարակի», շրջանառվում է նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանի անունը։

 

 

 

Leave a Comment