Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ իրականացված հարձակումների հետևանքով կա 3 զոհ և տասնյակ վիրավորներ. հայտնել են տեղի իշխանությունները։
Միջադեպերը տեղի են ունեցել Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիների և Սաուդյան Արաբիայի հովանավորած կառավարական ուժերի միջև մարտերի կտրուկ ինտենսիվացման ֆոնին:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ մայրաքաղաք Ալ-Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ, իսկ Աբհայի օդանավակայանում թիրախավորված ենթակառուցվածքների հետևանքով կա 2 զոհ և 28 վիրավոր:
Ի պատասխան՝ սաուդյան գլխավորությամբ ռազմական կոալիցիան հայտարարել է լայնամասշտաբ գործողությունների մասին՝ ընդգծելով, որ «հարձակումներն անպատիժ չեն մնա»։ Կոալիցիոն ուժերն արդեն իսկ ավելի քան 80 հարված են հասցրել հուսիների ռազմական հենակետերին Սաադա, Հոդեյդա, Ջաուֆ և Մարիբ նահանգներում:
Նույն օրը հուսիները բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են նաև Ադենի միջազգային օդանավակայանին․ հրթիռներից մեկն ընկել է թռիչքուղու մոտակայքում՝ Կահիրեից ժամանող օդանավի վայրէջքից րոպեներ առաջ:
Վերջին օրերին ռազմական բախումների հիմնական կենտրոն է դարձել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Այն առանցքային նշանակություն է ստացել համաշխարհային էներգակիրների փոխադրման համար, քանի որ ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով առևտուրը խիստ սահմանափակված է:
