Վճարված եկամտային հարկի մի մասը կարելի է հետ ստանալ չորս հիմքով՝ կրթության և առողջապահության ծախսերի, հիփոթեքային վարկի տոկոսների, ուսման վարձի և շահաբաժինների վերաներդրման դիմաց։ Յուրաքանչյուրն ունի իր առավելագույն չափը և իր պայմանները, իսկ որոշ դեպքերում կարելի է օգտվել միայն մեկից։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքով, Կառավարության N 1067-Ն և N 1125-Ն որոշումներով։
Առաջին հիմք՝ սոցիալական ծախսեր
Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սոցիալական ծախս են համարվում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության ծախսերը։
Ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողները և զավակները, ներառյալ որդեգրողներն ու որդեգրվածները։
Ուշադրություն. Կառավարությունն առայժմ չափեր է սահմանել միայն առողջապահության և կրթության ուղղություններով։ Բնակարանային ապահովության գծով առանձին ուղղություն և առավելագույն չափ դեռևս սահմանված չէ։
Որքա՞ն է վերադարձվում
N 1067-Ն որոշմամբ առավելագույն չափերն են՝
- առողջապահությանգծով՝ տարեկան 50 000 դրամ,
- կրթությանգծով՝ տարեկան 100 000 դրամ, որից դասագրքերի վարձակալության մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3000 դրամ,
- բոլոր ուղղություններով միասին՝ տարեկան100 000 դրամ։
Ի՞նչ ծախս է ընդունվում
Առողջապահության գծով՝ առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում ատամնաբուժական ծառայությունները։
Կրթության գծով՝ նախադպրոցականից մինչև հետբուհական կրթության ուսման վճարները, ինչպես նաև երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, մարզադպրոցների և արտադպրոցական ծրագրերի վճարները։
Առանձին կանոն գործում է սոցիալական փաթեթի շահառուների և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների համար. նրանք ապահովագրական փաթեթի գծով կարող են օգտվել փոխհատուցումից միայն ընտանիքի անդամների ծախսերի մասով, իսկ ատամնաբուժության գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով։
Ի՞նչ պայմաններ են պարտադիր
Չորս պայման, որոնցից որևէ մեկի բացակայությունը զրկում է իրավունքից՝
- ներկայացված լինիէլեկտրոնային ստորագրությամբ վավերացված տարեկան հայտարարագիրը,
- ծախսը կատարված լինիանկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության,
- ծախսը կատարած լինիհենց հայտարարատուն, այսինքն՝ վճարման փաստաթղթում վճարողը նա լինի,
- հաշվարկային փաստաթղթում պարտադիր նշված լինիհանրային ծառայությունների համարանիշը։
Երկրորդ հիմք՝ ուսման վարձը
Օրենսգրքի 160.1-ին հոդվածով վարձու աշխատող ուսանողին վերադարձվում է մեկ տարվա ընթացքում աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան վճարված ուսման վարձը։
Պայմանները՝ ՀՀ քաղաքացի, վարձու աշխատող, սովորում է հավատարմագրված բուհի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ կլինիկական օրդինատուրայում՝ Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկով, և չունի ուսման վարձի պարտք։
Իրավունքից կարելի է օգտվել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար։
Ե՞րբ պետք է դիմել
N 1125-Ն որոշմամբ դիմումը ներկայացվում է բուհ՝ հաջորդ կուրս փոխադրվելու կամ ավարտելու տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը։
Ժամկետը բաց թողնելու դեպքում դիմել կարելի է հաջորդող երկու տարվա ընթացքում՝ նույն ամսաթվերին։ Գումարը փոխանցվում է բանկային հաշվին՝ հանձնարարականից հետո երեք աշխատանքային օրում։
Երրորդ հիմք՝ հիփոթեքային վարկի տոկոսները
160-րդ հոդվածով վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկը՝ եռամսյակային պարբերականությամբ։
Սահմանափակումները՝
- գույքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի55 միլիոն դրամը,
- վերադարձը մեկ եռամսյակում չի կարող գերազանցել750 հազար դրամը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի դեպքում, իսկ ավելի վաղ ստացվածների համար՝ 1,5 միլիոն դրամը,
- օգտվել կարելի էմիայն մեկ հիփոթեքային պայմանագրի մասով,
- վարկը պետք է ստացված լինի2018 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ գույքը ձեռք բերված լինի անմիջապես կառուցապատողից, պետությունից կամ համայնքից։
Ո՞ր տարածքների համար այլևս չի գործում
Երևանում արտոնությունը դադարել է բոլոր գոտիներում՝ փուլային կարգով, վերջինը՝ 2025 թվականի հունվարի 1-ից։
Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից այն չի գործի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, բացառությամբ Կառավարության ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ մնացած մարզերում։
Կարելի՞ է օգտվել միաժամանակ
Ոչ։ 160.1-ին հոդվածի 2-րդ մասով նույն հաշվետու ժամանակաշրջանում հիփոթեքի և ուսման վարձի արտոնություններից կարելի է օգտվել միայն մեկից։
Ավելին, ուսման վարձի դիմումը մերժվում է, եթե պարզվի, որ նույն ուսումնական տարում անձը փաստացի օգտվել է հիփոթեքային արտոնությունից։
Չորրորդ հիմք՝ շահաբաժինները
159-րդ հոդվածով շահաբաժինների տեսքով ստացված եկամուտը նույն տարում նույն կազմակերպության կանոնադրական կապիտալում վերաներդնելու դեպքում վճարված հարկը փոխհատուցվում է՝ ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան վճարված հարկը։
Ամփոփում
Ամփոփելով՝ կրթության և առողջապահության ծախսերի դիմաց վերադարձվում է տարեկան առավելագույնը 100 000 դրամ, որից առողջապահության մասով՝ 50 000, պայմանով, որ ներկայացվել է տարեկան հայտարարագիրը, իսկ ծախսը կատարվել է անկանխիկ և հենց հայտարարատուի կողմից, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողին վերադարձվում է տարվա ամբողջ եկամտային հարկը՝ ուսման վարձի չափով, դիմելով բուհ սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը, հիփոթեքային վարկի տոկոսների դիմաց վերադարձը կազմում է եռամսյակային մինչև 750 հազար դրամ՝ 55 միլիոնը չգերազանցող գույքի դեպքում, իսկ հիփոթեքից և ուսման վարձից կարելի է օգտվել միայն մեկից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հիփոթեքային արտոնության մարզային փոփոխությունների մասին կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Եկամտային հարկի վերադարձի հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։