Դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթգծերի վերականգնման մրցույթները չեն կայացել

 Հայաստանի կառավարության կողմից հայտարարված՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթգծերի վերականգնման նախագծերի մրցույթները չեն կայացել, հայտնում է Factor-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 3-ին հրատապ բաց մրցույթ է հայտարարել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ ՀՀ սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ ՀՀ սահման» երկաթուղային հատվածների վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Ստացվել է 2 հայտ՝ Ղազախստանի Integra Construction KZ և Ուզբեկստանի BOSHTRANSLOYIHA ընկերություններից։ Ախուրիկի հատվածի նախագծի համար ուզբեկական ընկերությունն առաջադրել է 1,9 մլն դոլար, ղազախականը՝ մոտ 3,5 մլն դոլար գին, իսկ Երասխի հատվածի նախագծի համար՝ համապատասխանաբար 450 հազար դոլար և մոտ 890 հազար դոլար։

Երկու ընկերությունների հայտերն էլ մերժվել են այդ ընկերությունների՝ լիցենզիա չունենալու պատճառով։ Արդյունքում՝ հոկտեմբերի 6-ին մրցույթը հայտարարվել է չկայացած։

Երկու հատվածների դեպքում էլ երկաթուղիների թողունակությունը պետք է նախատեսվի տարեկան մինչև 10 մլն տոննա բեռների համար, աշխատանքային ռեժիմը՝ ՝ շուրջօրյա և շուրջտարի։ Նախագծերում պետք է ներառվեին նաև երկաթուղային կայարանների շենքերի կառուցում կամ վերակառուցում։ Նախագծերը պետք է պատրաստ լինեին 5-8 ամսվա ընթացքում։

Leave a Comment