Բռնություն երեխայի հանդեպ. ձերբակալվել է ուսուցիչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնություն երեխայի հանդեպ. ձերբակալվել է ուսուցիչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցի միջանցքից ընդամենը մի քանի վայրկյանանոց այս տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Կադրերում 7-ամյա երկրորդ դասարանցի աղջնակ է, որին ուսուցչուհին հարվածում և դասարան է տանում։ 

Տեսանյութում երևացող բռնությունը, սակայն, միայն մեկ դրվագով չի ավարտվել։ Երեխայի մորաքրոջ պնդմամբ՝ ոչ պատշաճ վերաբերմունքը նախկինում էլ է եղել։

«Դա եղել է պարբերաբար, բայց էս կարգի հարվածներ ձեռքով և ցուցափայտով չի եղել»։ 

Մորաքրոջ խոսքով՝ անգամ ներողություն խնդրելուց հետո երեխայի հոգեբանական ծանր վիճակը դժվար թե արագ հաղթահարվի։ 

«Եթե ուսուցչուհին անգամ ներողություն խնդրի իմ քրոջից, քրոջ բալիկից, չեմ կարծում, թե հոգեբանական ծանր տրավման, որ ստացել է երեխան ու 4-5 օր դասի չի գնում, չեմ կարծում, որ երբևէ անցնի»։    

Մարզպետարանից Radar Armenia-ին հայտնեցին՝ դեպքի մասին տեղեկացել են սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ տեսագրության միջոցով։ 

«Անմիջապես, մեր լիազորությունների շրջանակներում, արձագանքել ենք օպերատիվորեն և պաշտոնական գրությամբ դիմել ԿԳՄՍ՝ միջոցներ ձեռնարկելու համար»։ 

Այնուհետև, դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան՝ դեպքի հանգամանքները քննարկելու համար։ 

Մարզպետարանից պնդում են՝ այդ ուսուցչուհու կողմից նման վարքագծի վերաբերյալ տեղեկություններ նախկինում  չեն եղել․

«Բացարձակ չի եղել նման բան, ընդհանրապես ինֆորմացիա չի եղել։ Ընդհակառակն, երկար տարիների փորձ ունի։ Մենք էլ ենք զարմացած, որ կարող էր նման դեպք տեղի ունենար»։ 

Գևորգյանի խոսքով՝ երեխայի հետ արդեն աշխատում են մասնագետները։  

Մինչ այդ, հոգեբանները զգուշացնում են՝ երեխաների համար նման միջադեպերը կարող են դառնալ ոչ միայն մեկ օրվա վախ, այլև երկարաժամկետ անվստահության պատճառ։

«Դա, ընդհանուր առմամբ, երեխայի մոտ կարող է բացասական վերաբերմունք առաջացնել և՛ առհասարակ դպրոցի հանդեպ, և՛ մեծահասակների հանդեպ, և՛ ուսուցիչների հանդեպ։ Երեխյի հոգեկանն այնպես է կառուցված, որ կարող է ընդհանրացնել այդ դեպքը և ցանկություն չունենա սովորել»։ 

Ըստ մասնագետի՝ երեխային ոչ թե  պետք է ստիպել մոռանալ կատարվածը, այլ օգնել այն ճիշտ վերապրել․ 

«Երեխան չի գնում դպրոց, որպեսզի սովորի պաշտպանվել մեծերից․ նա պետք է ի սկզբանե պաշտպանված լինի։ Նա չպետք է վախենա մեծերից»։ 

Տեսանյութը նորից օրակարգ է բերել երեխաների՝ դպրոցում պաշտպանված լինելու և ամենակարևոր հարցը՝ նման միջադեպերը ինչ հետք կարող են թողնել երեխաների վրա։

Ինչպե՞ս վերահսկել այն միջավայրը, որտեղ երեխան պետք է առաջին հերթին պաշտպանված լինի։ 

Այս առումով հաջողված փորձ արդեն կա Երևանում։ 

2024թ․ մանկապարտեզներից մեկում նախկինում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի քաղաքապետի հանձնարարականով  վերահսկման մեխանիզմներ են ներդրվել։ 

Այն ժամանակ՝ միջադեպից հետո, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներում պետք է տեղադրվեն տեսախցիկներ։ Նպատակը ոչ միայն կատարվածը արձանագրելն էր, այլ վերահսկողության միջոցով հնարավոր խնդիրների կանխարգելումը։ 

Արդեն 2025 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետը տեղեկացրել էր, որ 33 մանկապարտեզում տեղադրել են տեսախցիկներ, և շուրջօրյա հսկողություն է սահմանվել։ 

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է հասանելիություն ունենան մի քանի անձ, որոնք այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանը պետք է համոզված լինի, որ մանկապարտեզներում երեխաների համար առկա է բարենպաստ միջավայր»։ 

Մինչ այդ, նշենք, Վարդաձորի դպրոցի դեպքով հարուցվել է քրեական վարույթ, կայացվել է ուսուցչուհուն ձերբակալելու որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment