Կաթողիկոսի հետ հանդիպմանը ՀԱԵ-ի հարցով հանձնաժողովը հակասահմանադրական են անվանել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն անվանելով «բացահայտ հակասահմանադրական» և Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը միջամտելու փորձ, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։

Գարեգին Բ-ի հանդիպումը մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մասնակիցները քննարկել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն ու Ազգային ժողովի՝ ՀԱԵ-ին առնչվող նախաձեռնությունները։

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել են վարչապետի հանձնարարությամբ եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցի և Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովի վերաբերյալ իրենց գնահատականները։ Քննարկվել են նաև Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթները, կայացված դատական ակտերն ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Խորհրդակցության մասնակիցների գնահատմամբ՝ ՀԱԵ-ի ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը չեն մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ և չեն կարող խորհրդարանական վերահսկողության առարկա դառնալ։ Նրանց խոսքով՝ նման վերահսկողություն սահմանելու փորձը հակասում է եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու և կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Հանդիպմանը քննարկվել է նաև ՀԱԵ-ի և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար ներպետական ու միջազգային իրավական մեխանիզմների կիրառման հնարավորությունը։

Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին գործել և շարունակում է գործել օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումն է։

Ազգային ժողովն ավելի վաղ ՀԱԵ-ի շուրջ իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել էր 11։ Որոշմանը կողմ էր քվեարկել 62 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չէին գրանցվել։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել։

Հանձնաժողովում յոթ տեղ նախատեսված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, մեկը՝ «Հայաստան» խմբակցության համար։ Հանձնաժողովը ղեկավարում է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ Այն ստեղծվել է 38 պատգամավորի՝ խորհրդարանի կազմի ավելի քան մեկ քառորդի պահանջով։

Պաշտոնական ձևակերպմամբ՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով Եկեղեցում առաջացած ճգնաժամը», ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ-ի բացառիկ առաքելության իրականացմանն առնչվող հարցերը։

Եղոյանը հայտարարել էր, որ ՀԱԵ-ի հատուկ կարգավիճակն ամրագրված է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իսկ եկեղեցուն տրված հատուկ իրավունքները, նրա գնահատմամբ, պետք է ուղեկցվեն պատասխանատվության մեխանիզմներով։ Նա նաև նշել էր, որ եկեղեցու և պետության անջատման սկզբունքը պետք է գործի երկու ուղղությամբ, իսկ այդ սահմանը խախտվել է հոգևորականների՝ քաղաքական շարժմանը մասնակցելուց հետո։

Հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրել ՀԱԵ-ի կառույցների ֆինանսական թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների կատարումը, եկեղեցական գույքի իրավական կարգավիճակն ու օգտագործումը, եկեղեցական ժողովների անցկացումը, բարձրաստիճան հոգևորականների մասնակցությունը քաղաքական գործունեությանը և Արդարադատության նախարարությունում գրանցված ՀԱԵ կանոնադրության պահպանումը։

Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը շարունակվում է 2025 թվականից։ Սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ պատրաստված զեկույցում ներկայացվել էր ՀԱԵ-ի բարեփոխման ծրագիր, որը նախատեսում է Գարեգին Բ-ի հեռացումն ու Եկեղեցու նոր առաջնորդի ընտրությունը։

Leave a Comment