Փորձեցի պարզել՝ արդյոք տեսանկարահանում ունե՞նք, թե՞ ոչ։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ «հայ, թուրք, ադրբեջանցի» անընդհատ շեշտադրումներն ու հարցադրումները չեմ հասկանում՝ ում և ինչի համար են։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին, թե արդյոք տեսանկարահանվել է ադրբեջանցու ձերբակալությունը, և եթե ոչ, ապա ինչու են հայերի ձերբակալության տեսանյութերը լայնորեն տարածվում սոցիալական ցանցերում, իսկ ադրբեջանցու ձերբակալության գործընթացը «քողարկվում է»։
«Կարծում եմ՝ ընդհանրապես պետք է հասկանանք, թե այդ շեշտադրումները ուր են տանում։ Տեղի ունեցած դեպքը որևէ ընդհանրություն չունի այն բոլոր շահարկումների հետ, որոնք այսօր տեսնում ենք մեր տեղեկատվական դաշտում։ Ընդհուպ բանը հասել է նրան, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշ շրջանակների համար միջադեպի բուն հանգամանքներն էական նշանակություն չունեն։
«Այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում, դրանից առաջ էլ։ Այսինքն՝ այդ նույն մարդկանց համար ընդհանրապես կապ չունի՝ ինչ է տեղի ունեցել, ինչու և ինչ պայմաններում․ դրանից իրենց ասելիքը չի փոխվում»,- ընդգծել է Փաշինյանը։