Ի՞նչ դեր ունի գրականությունը մի աշխարհում, որտեղ զարգացող տեխնոլոգիաները մեր երևակայությունից առաջ են անցնում, կարո՞ղ է գիտաֆանտաստիկան ձևավորել ապագայի մեր ընկալումները։
Ամփոփվել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որը յուրովի փորձում է վերարժևորել այս ժանրի ներուժը հայաստանյան իրականությունում։ Մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը և մրցույթի հաղթող Արման Գասպարյանը խոսում են, թե ինչ փոփոխություններ է կրում ժանրն արդի ժամանակներում, ինչու է կարևոր դրա զարգացումը Հայաստանում, անդրադառնում են մրցույթին, նաև հաղթող պատմվածքին։
«Գիտաֆանտաստիկ ժանրն ինտելեկտուալ գրականության օրինակ է, իսկ հայ գրականության մեջ ինտելեկտուալ գրականությունը բավարար չափով զարգացած չէ։ Դա կապված է նաև քաղաքային, ուրբանիստական մշակույթի հետ, որպեսզի գործողությունները կատարվեն քաղաքային միջավայրում, և հենց քաղաքը լինի խնդիրներ ձևակերպողը»,– ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Նա հավելում է, որ մեծ արժեք էր մրցույթի շրջանակում ընտրված 35 ստեղծագործությունները կարդալը։ Դրանցում կային շատ հետաքրքիր գաղափարներ, օրինակ՝ ֆիզիկական ցավի և հայոց հայտնի կորստի ցավի միավորումը։ Ըստ նրա՝ ընտրված 35 գործերից 30-ն ունեին շատ առողջ ֆանտաստիկ մտահղացումներ, թեև լեզուն մեծ թերություններ ուներ։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» պատմվածքը։ Հեղինակի մեկնաբանմամբ՝ ինքն այդ թեմայի շուրջ մտածել է երկար տարիներ։ Խոսքը էպիստեմոլոգիայի մասին է, թե առհասարակ ինչպես ենք մենք զբաղվում գիտությամբ և ինչպես ենք ստանում գիտելիքներ։ «Եթե փիլիսոփայորեն նայենք, գիտությունն ուղիղ իմաստով ոչ թե այն է, թե ինչ ենք տեսնում այս աշխարհում, այլ թե ինչ ենք տեսնում մեր տեսածի մեջ, և որքանով ենք համոզված, որ մեր տեսածը ճշգրիտ է։ Գիտությունը պատմում է աշխարհի մասին, ճշգրիտ կանխատեսումներ է անում, թույլ է տալիս ստեղծել տեխնոլոգիաներ, պահպանել առողջությունը և առաջարկում է ճշգրիտ մոդելներ, բայց պետք է հիշել, որ դրանք ընդամենը մոդելներ են, և խոսքը բացարձակ ճշմարտության մասին չէ։ Պատմվածքում առաջանում է մի իրավիճակ, երբ գիտությունը չի կարողանում բացատրել կոնկրետ երևույթը, և ցույց է տրվում, թե ինչ է տեղի ունենում գիտության հետ այդպիսի պահերին», – մեկնաբանում է Արման Գասպարյանը։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը հավելում է, որ Ժյուլ Վեռնի ժամանակներն արդեն անցել են, և այս պատմվածքն հետաքրքիր է նրանով, որ այստեղ դրված է ոչ միայն փիլիսոփայական հարցադրում՝ արդյոք այս աշխարհն իրական է, թե ինչ-որ մեկի երևակայության արդյունքը, այլև այն գաղափարը, որ անհնար է, որ գիտության մեջ որևէ օրինաչափություն չխախտվի։
Հայկական գիտաֆանտաստիկ գրականությանը կարող եք ծանոթանալ https://www.armcon.am/ կայքում։