Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Իրան այցին և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի վերաբերմունքին։
Նա շեշտել է, որ Իրանում, առնվազն իր տպավորությամբ, TRIPP-ի շուրջ ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի ներկայացրած աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը. «Իմ տպավորությամբ ասեմ՝ բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի վերաբերյալ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական այն հնարավորություններով, որ այդ ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու վերագործարկումն ընձեռելու է Իրանին ու Իրանի տնտեսությանը»։
Ըստ նրա՝ TRIPP-ի շուրջ հնչել են հարցեր, տրվել են պատասխաններ. «Երկու կողմի համար էլ բավարարվածության զգացում կա»։
Միրզոյանի խոսքով, ՀՀ-ն բարձր է գնահատում ու կարևորում Իրանի հետ հարաբերությունները և վտանգի տակ չի դնի դրանք։ Ըստ նրա, ՀՀ-ն կխորացնի Իրանի հետ հարաբերություններն այնքան, քանի դեռ չի հայտնվել պատժամիջոցների սահմանագծին ու դրանց թիրախում չի հայտնվի։
